
ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նախարարը ներկայացրեց Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ յոթ կետի շրջանակում։
ԱԳՆ պաշտոնական կայքում հրապարակված տեքստի հայերեն տարբերակի 5-րդ կետում նշվում էր․ «Արցախն ունի իրեն և իր ժողովրդին պաշտպանելու լիարժեք կարողություն։ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավոր»։
Հետո պարզվեց, որ նախարարը իր անգլերեն ելույթում նման բան չի ասել։Կարաճ ժամանակ անց ԱԳՆ պաշտոնական կայքից հեռացվեց հայերեն տարբերակում հայտնված հատվածը, որը բացակայում էր նախարարի խոսքում։ ԱԳՆ-ից վստահեցնում է, որ թարգմանության սխալ է եղել։ Իհարկե մի փոքր զավեշտալի կլինի հավատալ, որ հայրենի ԱԳՆ-ում անգլերենի իմացությունը այն մակարդակի է, որ չլսած նախադասություններ են թարգմանում։
Ըստ ամենայնի իշխանությունները ցանկացել էին հայերեն տարբերակում ավելացնել ականջահաճո խոսքեր, որը երբեք չեն համարձակվի ասել միջազգային հարթակներից, իսկ վերջում ստիպված եղան հեռացնել այն: Եվ հիմա երբ պաշտոնական տեքստից հեռացնում են «Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության միակ երաշխավոր» նախադասությունը՝ հարց է առաջանում , արդյոք Հայաստանը շարունակում է մնալ այդպիսին, թե իրավիճակ է փոխվել։