Անկախ նրանից, թե ես կազատվեմ, թե կնստեմ 5 տար...

Ես ոչ մի հանցանք այս աշխարհում և այս պետության հանդեպ չեմ արել: 50 տարի առաջ ես մտել եմ եկեղեցական ասպարեզ՝ հակադրվել եմ սովետական հսկայական կայսրության: Սովետական կայսրությունը այս սխալը չի գործել, ինձ չի կալանավորել: Այս մասին  դատարանում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ իր գործով դատական նիստի ժամանակ:  

Նա նշել է, որ ինքը մշտապես քննադատել է նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանությանը, սակայն երբեք այս իրականությանը չի բախվել: Նա ընդգծել է, որ սա դառնում է «ներկա իշխանությունների և իրենց կամակատարների խայտառակությունը և խարանը»:

«Անկախ նրանից, թե ես կազատվեմ, թե կնստեմ 5 տարի՝ խարանը կմնա, բայց այս իշխանություններն ավելի մեծ խարան ունեն՝ Արցախի կորուստ, 5000 զոհ, և այլն, որոնք հազարապատիկ մեծ խայտառակություն են։ Այդ խայտառակությունների համար մեղադրեցին նախկիններին, բայց մեր ձերբակալության և կալանավորման համար նախկիններին մեղադրել չեն կարող: Սերժն ու Քոչարյանը չեն մեզ կալանավորել, գցել խեղճ վարչապետի ջեբը», - ասել է Միքայել Սրբազանը:

Նա հավելել է, որ իրեն վատ չի զգում որպես անձ, այլ իր երկրի՝ Հայաստանի Հանրապետության համար, որին ծառայություն է մատուցել 50 տարի: Նա, իր խոսքը եզրափակելով ասել է,  եթե հանցագործություն կատարած լինեի, կամաչեի, գլխիկոր կնստեի, իմ Սրբազան եղբայրների աչքերին չէի համարձակվի նայել, բայց ես ոչ մի հանցանք չեմ գործել։