Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի ուղղությամբ դիրքային...

Ադրբեջանական զինուժը Ջերմուկի ուղղությամբ սահմանային հատվածում նոր դիրքեր է տեղակայել։

Sputnik Արմենիան տվյալներ էր ստացել, որ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է շարժվել «չեզոք գոտում»՝ միջդիրքային տարածքում` առանց հստակեցման, թե կոնկրետ որ հատվածում։

«Այս առնչությամբ մենք հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ` հետաքրքրվելով` առաջխաղացում եղե՞լ է հենց «չեզոք» գոտում, ե՞րբ է տեղի ունեցել առաջխաղացումը, քանի՞ մետր է ադրբեջանական զինուժը առաջ շարժվել մոտակա դիրքից։ Նաև խնդրել էինք հայտնել նոր տեղակայման կոորդինատները:

Գերատեսչությունից մեզ պատասխանել են, որ նշված հարցերի վերաբերյալ արդեն հնչել է պաշտոնական մեկնաբանություն։

«Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ նշված հատվածում առաջխաղացման մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՊՆ–ի պատասխանում:

Մենք ուսումնասիրեցինք արբանյակային կադրերը և պարզեցինք, որ որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, եղել է: Ադրբեջանի ԶՈւ-ն դիրքային առաջխաղացում է իրականացրել Մեծ և Փոքր Ալ լճերից դեպի հարավ և Ջերմուկից դեպի հյուսիս սահմանային հատվածում։

Արբանյակային լուսանկարներում երևում է, որ ադրբեջանական մի քանի նոր դիրքեր են ի հայտ եկել։ Ադրբեջանական զինուժն ինժեներական աշխատանքներ է իրականացրել հուլիսի 20-ից։

Ըստ ամենայնի, որպես պատասխան քայլ ՀՀ ԶՈւ-ն նույնպես մի քանի նոր դիրք է տեղակայել (նշել ենք կանաչով):

Հատկանշական է, որ հենց այդ նույն ժամանակահատվածում այդ տեղամասում ադրբեջանական ԱԹՍ է արձանագրվել Flightradar24 ծառայության միջոցով (նման բան նախկինում չի նկատվել): ԱԹՍ–ի հայտնվելը, ամենայն հավանականությամբ, կապված է հենց նոր դիրքերի տեղակայման հետ»,– ասվում է կայքում։