
Փորձը ցույց է տալիս, որ ընդդիմության հայտարարություններին պետք չէ լուրջ վերաբերվել, նրանք խոսում են պարզապես քաղաքական դաշտում լռությունը խախտելու համար։ Իսկական խաղաղություն բերել է վարչապետ Փաշինյանն իր թիմի հետ։ Սա այսուհետ խաղաղություն է։ Իրավիճակի այսպիսի բնութագիր է տվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ լրագրողների հետ զրույցում։
Ի պատասխան Բաքվի և Անկարայի պահանջների լույսի ներքո պատգամավորի տեսած խաղաղության մասին հարցին, Պալյանը հայտարարել է. «Իսկ դուք չե՞ք տեսնում սահմաններում տիրող խաղաղությունը։ Փառք Աստծո, կրակոցներ, միջադեպեր չկան։ Կարելի է մեկնաբանել ինչպես ցանկանաք, բայց իրականությունն այդպիսին է։ Իմ համար դա խաղաղություն է և այդպես կլինի միշտ։ Մեր երկրում խաղաղություն է հաստատվել՝ Փաշինյանի թիմի շնորհիվ»։
Պատգամավորին հիշեցրել են, որ Չինաստանում Փաշինյանն անձամբ է արձանագրել Ալիևի անընդունելի, Վաշինգտոնի պայմանավորվածություններին չհամապատասխանող բառապաշարը, ի հավելումն դրան՝ Ադրբեջանը շարունակում է զինվել։
«Ես խոսում եմ որպես պատգամավոր և իշխող կուսակցության ներկայացուցիչ. վստահեցնում եմ, որ խաղաղություն կլինի»,- հայտարարել է Պալյանը և սկսել է լրագրողներին սովորեցնել, թե ինչի վրա պետք է ուշադրություն դարձնեն։ Թեև հարցը վերաբերում էր հենց Ալիևի խոսքերին Փաշինյանի արձագանքին, Պալյանը խորհուրդ է տվել ուշադիր լինել երկրի ղեկավարության խոսքերին։
Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների բառապաշարի և շարունակվող սպառազինման մասին կրկնվող հարցին ի պատասխան՝ պատգամավորը անգիր արտասանել է Հայաստանի իշխանությունների ընտրած ճանապարհի մասին և վստահություն է հայտնել, որ ՀՀ-ն, անկախ ամեն ինչից, հավատարիմ կմնա խաղաղության սկզբունքներին, քանի որ դա են ցանկանում ոչ միայն իշխանությունները, այլև երկրի ժողովուրդը՝ անկախ ընդդիմության հայտարարություններից։
Հարցին, թե արդյո՞ք պատգամավորները շփվում են ժողովրդի հետ, պատգամավորը վստահեցրել է, որ շփվում են։ «Ես ավելի քան վստահ եմ, որ քաղաքացիները կիսում են մեր մոտեցումները և 10 ամսից էլ պակաս ժամանակում իրենց ձայներով կապացուցեն, որ ՀՀ քաղաքացիները երկու ձեռքով կողմ են խաղաղությանը։ Ես վստահ եմ, որ «ՔՊ»-ն իր աշխատանքի շնորհիվ և առաջին հերթին խաղաղություն հաստատելու համար, առաջիկա ընտրություններում ձայների մեծամասնություն կստանա»։ Հարցին, թե արդյո՞ք նա հավատում է Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության պատրաստակամության մասին խոսքերին, Պալյանը հայտարարել է, որ անվերապահորեն հավատում է ՀՀ վարչապետի խոսքերին։
Երբ լրագրողները հիշեցրել են, որ խաղաղությունը միակողմանի գործընթաց չէ, Պալյանը հավելել է, որ ի նկատի ունի ՀՀ ղեկավարության կողմից իրականացվող աշխատանքը։ Ընդ որում, խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին հարցին Պալյանը չի պատասխանել։
«Եթե Բաքուն խաղաղություն է ուզում, ապա ինչու չի ազատում գերիներին», այդ հարցին Պալյանը մեկնաբանել է հերթական հայտարարությամբ, որ ՀՀ իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ, բայց «բոլորը պետք է հասկանան, որ այդքան կարևոր հարցը չի կարող լուծվել մեկ օրում»։
Հարցին, թե արդյո՞ք հայ պատգամավորին չի անհանգստացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանում ակտիվորեն փաստաթղթեր են բաժանում «Արևմտյան Ադրբեջանի բնակիչներին», Պալյանը անսպասելիորեն հարձակվել է լրատվամիջոցների վրա՝ հայտարարելով, որ իրեն անհանգստացնում է այն, որ «հայ լրագրողները ավելի շատ են խոսում հարևան երկրի մասին, քան այն, ինչ տեղի է ունենում ՀՀ-ում»։ Այն փաստը, որ «հարևան երկրում տեղի ունեցողը» ուղղակիորեն կապված է Հայաստանի ազգային անվտանգության հետ և խոսքը ՀՀ-ի նկատմամբ ոտնձգության մասին է, Էմմա Պալյանը բարեհաջող անտեսել է։ «Եթե մենք խոսենք մեր առաջընթացի ու ձեռքբերումների մասին, ձեզ չի անհանգստացնի, թե ինչ է կատարվում հարևանների մոտ»,- հայտարարել է Պալյանը։ «Դա նրանց երկրի ներքին գործն է»,- հավելել է իշխանության պատգամավորը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանում Հայաստանի Սյունիքի մարզը կոչում են «Արևմտյան Ադրբեջան» և սկսել են «Արևմտյան Ադրբեջանի բնակիչների» գրանցումը։