
Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ-ի գործընկերների իմպլեմենտացմամբ իրականացված սոցիալական հարցումների արդյունքում՝ հարցվածների շուրջ 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում և չի դժգոհում ոստիկանության աշխատանքից:
Այս մասին Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը:
Խոսելով Ներքին գործերի նախարարության գործունեության մասին՝ Արփինե Սարգսյանը հիշեցրեց, որ այն նոր է ձևավորվել։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ գերատեսչությունը ստեղծվել է՝ հաշվի առնելով ինչպես եվրոպական փորձն, այնպես էլ ԵՄ գործընկերների հետ գործուն օժանդակությունը։
«Իհարկե, կարողությունների զարգացումը մշտական գործընթաց է, և մենք շարունակելու ենք այս ուղղությամբ ջանքերի մեկտեղումը»,-նշեց ՆԳ նախարարը։
Վերջինս ԵԽ պատգամավորներին է ներկայացրել նաև Միգրացիոն ծառայության ոլորտում կատարված և կատարվող փոփոխություններն ու բարեփոխումները։
«Անդրադառնալով ոստիկանության ոլորտի բարեփոխումներին՝ պիտի նշեմ, որ բավականին լուրջ արդյունքներ են գրանցվել, և սա փաստում է ոչ միայն ՆԳՆ-ն՝ որպես շահագրգիռ կառույց, այլև փաստում են թե՛ միջազգային հանրությունը, թե՛ մեր հանրությունը, որովհետև տարբեր հարցումները, որոնք իրականացվել են մեր քաղաքացիների շրջանում նաև ԵՄ օժանդակությամբ, փաստում են, որ այս փոփոխությունների ուժով բարձրացվել է ոստիկանության նկատմամբ վստահության մակարդակը»,-նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ԵԱՀԿ-ի գործընկերների իմպլեմենտացմամբ իրականացված սոցիալական հարցումներով պարզ է դարձել, որ հարցվածների զգալի մասը՝ շուրջ 72 տոկոսը, վստահում է ոստիկանությանը, կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում, կամ չի դժգոհում ոստիկանության աշխատանքից:
«Իհարկե, սա մակարդակ է, որը պետք է պահպանել և ավելի բարձրացնել: Սրան են միտված մեր բոլոր փոփոխությունները։ Պարեկային ծառայությունն արդեն իսկ գործում է ամբողջ հանրապետությունում, և դրական մի շարք արդյունքներ են արձանագրվել այս ծառայության գործարկման արդյունքում»,-ասել է նա:
Նա նաև հիշեցրել է, որ 2024 թվականին ՀՀ կառավարությունը հաստատել է 2024-2026 թվականների համար ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը։
«Այս պահի դրությամբ նաև ձեռնամուխ ենք լինում հանցավորության կանխարգելման նոր ռազմավարության աշխատանքներին, որոնք անչափ կարևոր են երկրում հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից»,-հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։