
Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտան տեսակոնֆերանսով հրավիրել է Եվրոպական միության 27 երկրների ղեկավարների հանդիպում, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր գործընկերներին կտեղեկացնի ԱՄՆ կատարած այցի արդյունքների մասին։ «Մարտի 6-ին կայանալիք Եվրոպական խորհրդի արտահերթ նիստին նախապատրաստվելու համար ես կկազմակերպեմ Եվրոպական խորհրդի անդամների տեսակոնֆերանս՝ լսելու նախագահ Էմանուել Մակրոնի զեկույցը Վաշինգտոն կատարած վերջին այցի վերաբերյալ»,- գրել է Կոշտան X-ում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր The Guardian թերթը, Ֆրանսիայի նախագահը հեռացել է Վաշինգտոնից՝ չխոստանալով ԱՄՆ աջակցությունը կամ չփոխելով ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ։ Պարբերականի տեղեկացմամբ՝ Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, որը պետք է Վաշինգտոն ժամանի այս շաբաթվա վերջին, փորձում են փրկել անդրատլանտյան դաշինքը, որն ապրում է վերջին տասնամյակների ամենալուրջ ճգնաժամը։ Սթարմերին նույնպես բարդ խնդիր է սպասվում՝ փորձելով ԱՄՆ նախագահին հետ պահել Եվրոպայի հետ խզումից, նշել է The Guardian-ը։ Եվրոպական խորհրդի ղեկավարը ԵՄ արտահերթ գագաթաժողովը նշանակել է մարտի 6-ին՝ քննարկելու համար Ուկրաինայի օգնությունը եւ եվրոպական պաշտպանությունը։