Գյուղացուն ջրից զրկողները դեռևս անպատիժ են․ P...

«Մենք ոչ թե սպասում, այլ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանից, որ այսօր ոռոգման համակարգի մեղավորները պատժվեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն՝ անդրադառնալով գյուղատնտեսական հողերի ոռգման հետ կախված խնդիրներին, որոնք մինչ օրս լուծում չեն ստացել։

Նրա խոսքով՝ Հայաստանում բավականաչափ տեղումներ են եղել, ինչը նշանակում է, որ ջրի պակաս չպետք է ունենայինք։

«Արդյունքում, ունեցանք արհեստական երաշտ։ Ջուրը վաճառվեց կասկածելի մարդկանց, գումարները դրվեց կասկածելի մարդկանց գրպաններն ու դրա համար ոչ ոք չպատժվեց։ Դրա հետևանքով մենք ունեցանք միայն Շիրակի մարզում 40 տոկոս բերքի կորուստ, Արմավիրի մարզում՝ ավելի շատ»- ասաց նա։

Հղում անելով պաշտոնական աղբյուրներին, Բերբերյանը նշեց, որ Սևանա լճի մակարդակը զգալի բարձրացել է տարվա ընթացքում, սակայն թե ինչ եղավ այդ ջուրը, պաշտոնական աղբյուրները լռում են։

«Գյուղացու ջուրը վաճառեցին թուրքերին, Ախուրյանի ջրամբարով գնաց թափվեց Արաքս գետ։ Դե մեր ջրերը կուտակվում են Ախուրյանի ջրամբարում, այնտեղից 50 տոկոսը թուրքերին է»,- հավելեց Բերբերյանը։

Բացի դրանից, գյուղատնտեսի խոսքով,՝պետական բյուջեից գումարներ են դուրս գրվում ջրամբարների մաքրման համար, սակայն դրանք բուն նպատակին չեն ծառայում։

«Ջրամբարներն ունենում են ձագարներ, որտեղ 10-15 տոկոս տիղմ է և ջուր չի լցվում։ Այդտեղ, ամեն տարի պետք է  կատարվեն մաքրման աշխատանքներ։ Սակայն ոչ մի ջրամբար չի մաքրում, փոխարենը գումարներն «ուտում» են»,- ասաց ոլորտի մասնագետն ու հավելեց․

«Պետությունը միայն մի խումբ գրպանահատների համար չէ։ Պետությունը գյուղացու, բանվորի ու գործարարի համար է։ Մենք աշխատում ենք, որ երկիրը հարստացնենք, այլ ոչ թե մի քանի անհատ հարստանա»։

Հիշեցնենք, որ չնայած այս տարի ևս Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացվեց և նախատեսվածից ավելի շատ ջուր վերցվեց, այդուհանդերձ, հատկապես Արմավիրի մարզի գյուղատնտեսները պնդում էին, որ ջուրը գյուղացուն չի հասնում։ Մի քանի անգամ բողոքի ակցիաներ իրականացրեցին, սակայն ապարդյուն։