Սերժ Սարգսյանը դաշինք է կազմել Անի Խաչատրյանի...

Մեր հրապարակումներում մենք մշտապես փաստարկված պնդել ենք, որ Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը աշխարհաքաղաքական նույն տանիքի տակ են։ Խոշոր հաշվով՝ նրանց քաղաքականությունը միևնույն բանի մասին է՝ կտրել Հայաստանը Ռուսաստանից և մերձենալ ցեղասպանություն իրականացրած Թուրքիայի հետ՝ որպես տարածաշրջանում Արևմուտքի գլխավոր օպերատորի։

Այս անձանց թիմերը տարբեր անգամներ ցույց են տվել, որ քաղաքական դաշտում կարող են ունենալ տարաձայնություններ, բայց իրենք միմյանց հետ գոյաբանական խնդիրներ չունեն։ Ավելին՝ հաճախ իրենց ընդհանուր գոյաբանական խնդիրները միավորում են իրենց։

Այս ուժերի հիմնական թիրախը այն գործիչներն ու ուժերն են, որոնք շարունակում են պնդել, որ Հայաստանը պետք է պահպանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միևնույն ժամանակ պահպանելով կապերը նաև այլ կենտրոնների հետ։

Վաղարշապատի ընտրությունները կարևոր դեր են խաղալու ներքաղաքական զարգացումներում, և այս օրակարգը կրկին միավորել է այս մարդկանց։ Օրերս Սերժ Սարգսյանի քարոզիչներից մեկը իր եթերում հյուր էր հրավիրել քաղաքական դաշտում զազրելի համբավ ունեցող Անի Խաչատրյանին, որը «Հանրապետություն» կուսակցության անդամ է և որի շնորհիվ Երևանում պարտված ՔՊ-ն կարողացավ քաղաքապետ կարգել Տիգրան Ավինյանին։

Սերժ Սարգսյանի քարոզչի և Անի Խաչատրյանի համատեղ թիրախ էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը և «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի թիմը։ Նրանք ըստ էության համատեղ կոչ էին անում Վաղարշապատում չընտրել այս ուժերին։

Իհարկե դժվար է պատկերացնել, թե զրոյի քանիերորդական տոկոսը կլսի Սերժ Սարգսյանին և Անի Խաչատրյանին, բայց հիրավի լավ ցուցիչ է սա․ երրորդ նախագահն այնքան է ընկել քաղաքական դաշտում, որ փաստորեն իրեն դաշնակից է դարձել Անի Խաչատրյանը։ Առաջիկա ընտրություններում հրաշալի կլինի, եթե Անի Խաչատրյանը դառնա Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակի առաջին կին թեկնածուն։