ԱՄՆ-ի «Ջորջ Վաշինգտոն» ատոմային ավիակիրը ժամա...

ԱՄՆ-ի «Ջորջ Վաշինգտոն» ատոմային ավիակիրը նոյեմբերի 5-ին ժամանել է Կորեայի Հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Բուսանի ռազմածովային բազա: Այյս մասին հաղորդում է հարավկորեական Yonhap լրատվական գործակալությունը:

Ավիակիրն ուղեկցում են մեկ հրթիռային հածանավ և երկու էսկադրային ականակիր, որոնք հանդերձված են Aegis համակարգով: Այցը Բուսանի նավահանգիստ նախատեսված է պաշարները համալրելու և անձնակազմի հանգստի համար:

«(Կորեայի Հանրապետության) ռազմածովային ուժերը պլանավորում են հետագայում ևս ամրապնդել երկու երկրների ռազմածովային ուժերի միջև փոխանակումներն ու համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնել պաշտպանունակությունը Հինգերորդ ավիակիր խմբի ժամանման կապակցությամբ», - հայտարարել են հարավկորեացի զինվորականները:

Սա ամերիկյան ավիակրի առաջին մուտքն է նավահանգիստ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի օրոք: Նա հաղթանակ է տարել հունիսի սկզբին կայացած ընտրություններում: Նախորդ անգամ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրը Բուսանի նավահանգիստ այց է կատարել մարտին: 

Հյուսիսային Կորեայի իշխանությունները քննադատաբար են վերաբերվում Հարավային Կորեայի ռազմածովային բազաներում ամերիկյան ավիակիրների հայտնվելուն: Հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելել է Կորեայի Հանրապետություն։ Ակնկալվում էր, որ նա կարող է սահմանին հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, ինչպես 2019 թվականին։ Սակայն Թրամփն ասել է, որ չի կարողացել Կիմ Չեն Ընի հետ համաձայնեցնել հանդիպման ժամանակը։