Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը բաց գործընթաց է և կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի ծրագիրը լիարժեք իրականացվի և բոլոր բարեփոխումները հասնեն իրենց նպատակին։
Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները։
«Այն կտևի այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի բարեփոխումների նպատակները հասնեն իրենց հանգրվանին։ Ինչպես նախարարը (խմբ. նկատի ունի ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին) նշեց, Հայաստանում մեծ բարեփոխումներ են իրականացվելու տարբեր ոլորտներում, և դրանք պետք է նպաստեն գործողությունների ծրագրի հաջող իրականացմանը»,– ասաց Լուխները։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն և Հայաստանը երկուստեք հանձնառու են ապահովելու, որ գործընթացը լինի ոչ միայն արագ, այլև որակյալ:
Լուխները նշեց, որ հաջորդ փուլում հայկական իշխանությունները պետք է պաշտոնապես արձագանքեն վիզաների ազատականացման շրջանակներում ԵՄ-ի կողմից փոխանցված գործողությունների ծրագրին, իսկ ԵՄ-ն կուղարկի համապատասխան փորձագիտական խմբեր՝ տեղում գնահատելու իրավիճակը տարբեր ուղղություններով։
«Մեր մասնագիտական խմբերը կմեկնեն Հայաստան՝ տարբեր բլոկերով ուսումնասիրելու իրավիճակը և կազմելու առաջընթացի զեկույցներ։ Ծրագիրը բաղկացած է երկու փուլից․ առաջինը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին և իրավական ակտերի ընդունմանը, իսկ երկրորդը՝ դրանց գործնական կիրառմանը»,-ընդգծեց Լուխները։
Նա հավելեց, որ Հայաստանի իշխանությունները արդեն նկատելի արագությամբ են իրականացրել մի շարք առանցքային բարեփոխումներ, մասնավորապես՝ կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը ԵՄ-ում գնահատվել է որպես հաջողված քայլ։
«Քանի որ Հայաստանի իշխանությունները արդյունավետ և արագ են աշխատել կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման ուղղությամբ, մենք արդեն կարող ենք ակնկալել դրա գործարկումը հաջորդ տարվա սկզբին։ Մյուս բաղադրիչները վերաբերում են օրենսդրական մակարդակին և լինելու են ընթացիկ գործընթացներ, որոնց իրականացմանը մենք հանձնառու ենք տալ շարունակական ընթացք»,- եզրափակեց նա։



