Եվրասիական զարգացման բանկը 200 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը Քաջարանի թունելի շինարարության համար։ Կառավարության հուլիսի 25-ի նիստին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ նախագծով նախատեսվում է իրականացնել Քաջարանի թունելի (երկարությունը՝ շուրջ 7.0 կմ) կառուցման և գոյություն ունեցող Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման շուրջ 4 կմ (Քաջարանի թունելի մուտք - Սիսիան-Քաջարան նախատեսվող նոր ճանապարհահատվածի խաչմերուկ) երկարությամբ հատվածի վերակառուցման աշխատանքները:
«Թունելը նախագծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան՝ ապահովված լուսավորության, օդափոխության, հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Արդիական լուծումներ են տրվել կապի, ազդանշանային համակարգերի, արտակարգ իրավիճակների կայանների, էլեկտրոնային ճանապարհային նշանների, ռադիոկայանների և մոնիթորինգային այլ համակարգերի գործարկման համար։ Կլինի ասֆալտբետոնե ծածկով թունելի երթևեկելի մասը, երկու գոտի՝ 9 մետր լայնությամբ։ Ճանապարհի եզրերին կլինեն քայլուղիներ, ինչպես նաև առաստաղում տեղադրված կլինի խողովակ, որը կապահովի օդափոխության համակարգի աշխատանքը»,- ասաց Սանոսյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ թունելի կառուցման համար նախատեսված է 6 տարի։
«Այս ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհը կկրճատվի շուրջ 14 կիլոմետրով, 50 կմ ժամ արագության փոխարեն ավտոմեքենաները կանցնեն 80 կմ ժամ արագությամբ, տևողությունը կկրճատվի մոտ 40 րոպեով»,- եզրափակեց Սանոսյանը։