ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի մասնակցությունն անվտ...

Եվրամիությունը կասեցրել է Վրաստանի մասնակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող անվտանգության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տարածաշրջանային նախագծերին։ Այդ մասին ասվում է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկու՝ երկրի արտաքին գործերի նախարարությանն ուղղված նամակում՝ հայտնում է «Ռուսթավի 2»-ը։

«Վրաստանում տեղի ունեցած բացառիկ հանգամանքների կապակցությամբ և 2024 թվականի հունիսի 27-ին Եվրոպական խորհրդի եզրակացության համաձայն, որի արդյունքը ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացի դե ֆակտո կասեցումն էր, տեղեկացնում եմ, որ Վրաստանի մասնակցությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող անվտանգության և կազմակերպված հանցավորության հետագա տարածաշրջանային նախագծերին կասեցվել է»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբիշվիլուն ուղղված նամակում:

Հերչինսկին նամակում հստակեցրել է, որ խոսքը երեք նախագծի մասին է՝ Եվրոպոլի աջակցությամբ Արևելյան գործընկերությունում կազմակերպած հանցավորության դեմ պայքարի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցության (TOPCOP II) և ԵՄ- ում թմրանյութերի մոնիթորինգի նախագծի (EU4MD II): Ծրագրերից Վրաստանի հեռացումը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 15-ից և վերաբերում է Վրաստանի ՆԳՆ և արդարադատության նախարարության ներկայացուցիչներին: