«Արևելյան Զանգեզուրի շրջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային է և հիմնված է իրավական հիմքերի և տարածաշրջանային համագործակցության շահերի վրա։ Ինչպես հայտնի է, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն, պետք է ապահովվի Ադրբեջանի արևմտյան մասի և Նախիջևանի միջև անարգել տեղաշարժը»․ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ «Զանգեզուրի միջանցքն» ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Նպատակը միայն անարգել տարանցիկ երթևեկության ստեղծումն է՝ համաձայն միջազգային իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների։ Մենք կարծում ենք, որ «Զանգեզուրի միջանցքը» կնպաստի տարածաշրջանի տնտեսական ինտեգրմանը և Միջին միջանցքի շրջանակում լրացուցիչ երթուղիների զարգացմանը», – նշել է Հաջիզադեն։
Անդրադառնալով «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծին, Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ այն կապահովի անարգել անցումը «Զանգեզուրի միջանցքով» և կամրապնդի տարածաշրջանային կապերը։
«Համատեղ հռչակագրում ընդգծվել է տարածաշրջանում հաղորդակցությունների բացման շրջանակում Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտությունը», – նշել է նա։
Հաջիզադեի խոսքով՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ընթանում են տրանսպորտային ենթակառուցվածքների համապատասխան նախագծի իրականացման, անվտանգության միջոցառումների և անխոչընդոտ անցման ապահովման վերաբերյալ բանակցություններ, և դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվի շինարարությունը. «Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ այս երթուղին կկապի Ադրբեջանի երկու շրջանները, մեր երկրի սկզբունքային դիրքորոշումը փոխանցվել է ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական կողմերին»։
Վաշինգտոնյան պայմանավորվածությունների համաձայն՝ սեպտեմբերի 5-ին Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունները՝ երկու երկրների փոխվարչապետների գլխավորությամբ, փոխադարձ այցելություններ են կատարել Ադրբեջան և Հայաստան։ «Նրանք ծանոթացել են տրանսպորտային ուղիներին և ենթակառուցվածքներին։ Մենք հետաքրքրված ենք այս միջանցքի շուտափույթ բացմամբ», – նշել է Այխան Հաջիզադեն։
Նա նաև հայտնել է, որ հիմք է դրվել նաև կարևոր նախագծի՝ Կարս-Իգդիր-Դիլուջա երթուղով 224 կիլոմետրանոց երկաթուղու կառուցմանը, որը մեծ ռազմավարական արժեք ունի։
«Մենք կարծում ենք, որ այս նախագծերը կընդլայնեն տարածաշրջանի լոգիստիկ ներուժը և կբարձրացնեն դրա աշխարհառազմավարական նշանակությունը», – հավելել է նա։



