Ռուսաստանի արտգործնախարարությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության հնգամյակի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել: Ըստ գերատեսչության՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով ընդունված հայտարարությունները կազմում են տարածաշրջանում խաղաղության գործընթացի ճանապարհային քարտեզը և մինչ օրս արդիական են։ Հաղորդագրության համաձայն՝ Մոսկվան դրական է գնահատում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը:
«Բաքուն և Երևանը դեռ շատ անելիք ունեն երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականացնելու համար, այդ թվում՝ տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը՝ հաշվի առնելով Հարավային Կովկասի բոլոր երկրների և նրանց անմիջական հարևանների շահերը»,- նշում են ԱԳՆ-ից: Ըստ գերատեսչության՝ կարևոր է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, պետական սահմանն արդարացիորեն սահմանազատվի, ինչպես նաև արդյունավետ կապեր հաստատվեն քաղհասարակությունների միջև։
«Ռուսական կողմը պատրաստ է շարունակել համապարփակ աջակցությունը ադրբեջանցի և հայ գործընկերներին, այդ թվում՝ «3+3» հարթակի շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ:



