
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանում իրականացվող երթևեկության փոփոխություններին, որոնք վարորդների մոտ դժգոհությունների առիթ են տվել։
Տիգրան Ավինյանը թեմային անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
«Ամառային սեզոնը շատ հարմար է երթևեկության փոփոխության տեսանկյունից, որովհետև փողոցներում բեռնվածությունը շատ մեծ չէ։ Այս փոփոխությունների հիմնական նպատակը հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին արտոնություն տալն է։ Եվ, այո, երբ մենք հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի ավտոբուսներն առանձնացված գծեր ունենան, ավելացնեն իրենց միջին արագությունը, ավտոմատ կերպով որոշակի խնդիրներ են ստեղծվում ավտոմեքենաների համար։ Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք նաև այդտեղ ունենք որոշակի գործիքակազմ, որով երթևեկությունը դժվարություններով փոխելով՝ կարողանում ենք ավտոմեքենաների հոսքն անդադար և առանց կանգնելու դարձնել։ Այս փոփոխությունների վերլուծությունները հիմնականում արվել են Իլ դը Ֆրանս ինստիտուտի մեր գործընկերների կողմից։ Այս հաշվարկները, իհարկե, տեղայնացվում են նաև քաղաքապետարանի, ճանապարհային ոստիկանության, պարեկային ծառայության միջև քննարկումների արդյունքում։ Որոշակի շարունակական փոփոխություններ տեղի են ունենալու»,- մանրամասնել է Ավինյանը։
Նա հավելել է, որ շուտով անդրադառնալու են Սարյան փողոցին, որտեղ երթևեկությունը դառնալու է միակողմանի։ «Փոքր կենտրոնում մենք ունենալու ենք որոշակի փոփոխություններ, որոնք, այո, որոշ դեպքերում խնդիրներ կստեղծեն ավտոմեքենաների համար, բայց մենք պետք է հասկանանք մի կարևոր բան, որ Երևանում ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է, և, եթե մենք չսկսենք առավելություն տալ հանրային տրանսպորտին, մենք կոլապսին մոտ իրավիճակ կունենանք ինչ-որ մի ժամանակ հետո։ Երբ անընդհատ ավտոմեքենաների քանակը քաղաքում աճում է, դա չի կարող բերել մի իրավիճակի, որ մեր երթևեկությունը շարունակի անընդհատ մնալ։ Որպեսզի երթևեկությունը շարունակի անընդհատ մնալ, մենք պետք է առավելագույնն անենք, որ հանրային տրանսպորտն անընդհատ երթևեկությամբ շարժվի, ունենա իր առանձնացված գծերը, և բոլոր այն մարդիկ, որոնք օգտվում են հանրային տրանսպորտից, միշտ ունենան առավելություն քաղաքում տեղաշարժվելու ժամանակային առումով, այսինքն՝ նրանց տեղափոխությունը քաղաքի Ա կետից Բ կետ հանրային տրանսպորտով տևի ավելի կարճ, քան ավտոմեքենայով։ Մեկ ավտոմեքենան միջինացված հաշվարկով տեղափոխում է 1-1.2 մարդ, իսկ ավտոբուսը նվազագույնը տեղափոխում է 60 մարդ, հետևապես 1 ավտոբուսը համարժեք է մոտավորապես 60 ավտոմեքենայի։ Ենթադրում եմ՝ տրամաբանական է, թե ինչու ենք մենք այս ճանապարհով ընթանում։ Ես նախօրոք ուզում եմ նաև ձեր ներողամտությունը խնդրել նյարդերի համար, որոնք ծախսել եք խցանումների մեջ, բայց ուզում եմ իմանաք, որ մենք ամենօրյա ռեժիմով փորձում ենք փոփոխություններն այնպես անել, որ նույնիսկ ավտոմեքենաների համար անընդհատ երթևեկությունը կարողանանք ապահովել»,-եզրափակել է Ավինյանը։
Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում վերջին շրջանում երթևեկության փոփոխություններ են իրականացվել, ավելացվել են հանրային տրանսպորտի համար նախատեսված առանձնացված գծեր, որոնք խցանումների պատճառ են դարձել՝ հարուցելով բազմաթիվ վարորդների դժգոհությունը։