
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի բացառել, որ հետագայում Ազգային ժողով կարող են ներկայացվել նոր միջնորդություններ՝ վերաբերող այլ անձանց մեղադրանքներին և ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցների ընտրությանն ահաբեկչության և իշխանության զավթում նախապատրաստելու քրեական վարույթի շրջանակներում։
Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին՝ կապված պատգամավոր Արթուր Սարգսյանի վերաբերյալ ներկայացված միջնորդության և նախաքննության շրջանակում շրջանառվող այլ անունների հետ։
«Եթե վարույթի շրջանակում կպարզվի որևէ անձի մասնակցություն նման տեսակի գործողությանը, Դատախազությունն օր առաջ գալու է Ազգային ժողով։ Խնդրում եմ կանխատեսական դատողություններ չանել։ Քննությունը շատ ինտենսիվ է ընթանում, մեծ խումբ է աշխատում քննչական և դատախազական մարմիններում։ Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց վերաբերյալ մեղադրանքներ և ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք»,– ընդգծել է Վարդապետյանը։
Պատգամավոր Հովհաննիսյանն իր հարցում հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանի վերաբերյալ ներկայացված միջնորդության մեջ վերջին ձայնագրությունը վերաբերում է 2025թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած խոսակցությանը, որի բովանդակությունը, ըստ նրա, վկայում է շարունակվող և դեռ չավարտված կազմակերպված գործընթացի մասին։
Նա նշեց, որ ձայնագրություններում հիշատակվում են նաև այլ պատգամավորներ՝ այդ թվում Իշխան Սաղաթելյանը և Գառնիկ Դանիելյանը։ Հովհաննիսյանի խոսքով՝ անհրաժեշտ է բացահայտել ամբողջ շղթան։
«Մեր քաղաքացիները պետք է վստահություն ունենան, որ նախապատրաստվող ահաբեկչական ակտի բոլոր մասնակիցները պետք է օրենքի առջև պատասխանատվության ենթարկվեն։ Սա շատ լուրջ հանցավոր խումբ է՝ լուրջ ղեկավարներով։ Կարծում եմ՝ ամբողջ շղթան պետք է բացահայտվի»,- ընդգծեց նա։
Գլխավոր դատախազը ևս վստահեցրեց, որ Դատախազությունը չի համարում, թե գործը բացահայտված է, քանի դեռ չկան մեղադրանքներ, դատարան ուղարկված վարույթ և դատական ակտ։
«Շատ մանրակրկիտ օպերատիվ հետախուզական աշխատանք է իրականացվել՝ տևական ժամանակահատվածում։ Բայց քննությունը հենվելու է ոչ միայն օպերատիվ տվյալների, այլև քննչական գործողությունների, հարցաքննությունների, փորձաքննությունների վրա։ Միայն դրանից հետո կլինեն դատավարական փաստաթղթեր։ Խոստումներ տալը Դատախազության գործառույթը չէ, բայց կարող եմ ասել, որ գործը մեկ անձի տիրույթում չէ, և աշխատում է փորձառու քննչական և դատախազական խումբ»,-ասաց Վարդապետյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան ղեկավարած «Սրբազան պայքար» շարժման շրջանակում 2024թ․ հուլիսից մինչև 2025թ․ մարտ իրականացվել են ահաբեկչություն և իշխանության յուրացում նախապատրաստելու գործողություններ։ Գլխավոր դատախազը հայտարարել է, որ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը եղել է այդ ծրագրի ակտիվ մասնակիցներից մեկը՝ ներգրավվելով պայթուցիկ նյութերի ձեռքբերման, խմբերի հավաքագրման և այլ նախապատրաստական քայլերի մեջ։
Քննչական մարմինները բացահայտել են հանցավոր խմբի կողմից հավաքագրված հարվածային խմբեր, պատրաստված հազարավոր հրավտանգ միջոցներ, Երևանի քարտեզներով գործողությունների պլանավորում, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու և հանրային իշխանությունը կազմալուծելու փորձեր։
Վարդապետյանը պարզաբանել է, որ այս փուլում քրեական հետապնդում հարուցելու համար բավարար ապացույցներ են ձեռք բերվել միայն Արթուր Սարգսյանի մասով, և ըստ ընթացակարգի՝ միջնորդությունը ներկայացվել է Ազգային ժողով։
Պատգամավոր Սարգսյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն վերագրվող մեղադրանքը։