
Գազայի հատվածի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ հուլիսի 7-ի լուսաբացից ի վեր անկլավի մի քանի շրջաններում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է 26 պաղեստինցի։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Այսպիսով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում հաստատվել է 105 զոհ և 356 վիրավոր։ Որոշ զոհերի մարմիններ դեռևս փլատակներում են և փողոցներում, քանի որ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում մոտենալ նրանց։
ՄԱԿ-ը հայտարարել է, որ «սովի խորացման հետ մեկտեղ Գազա օգնության մուտքի խոչընդոտումը նշանակում է ավելի շատ կյանքերի կորուստ»։
Գազայի առողջապահական մարմիններն իրենց հերթին ահազանգում են սննդի, հատկապես մանկական կաթնախառնուրդի լուրջ պակասի մասին։
Մայիսից ի վեր օգնության բաշխման կենտրոնների մոտ զոհերի ընդհանուր թիվը հասել է 758-ի և վիրավորներինը՝ 5005-ի։
Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից պաղեստինյան անկլավում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 57 523-ի, իսկ վիրավորներինը՝ 136 617-ի։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ է գտնվում դեռ մոտ 50 պատանդ։