
Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն՝ անդրադառնալով համացանցում և մի շարք լրատվամիջոցներում տարածվող տեսանյութերին և մեկնաբանություններին:
«Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ:
Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։
Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն:
Միաժամանակ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ԶԼՄ գործընկերներին (հատկապես պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին) հիշեցնել, որ պետք է խստորեն պահպանել անվտանգության կանոնները և առանց համապատասխան թույլտվության ոչ մի դեպքում չտեսանկարահանել զինված ուժերի տեխնիկան ու տրանսպորտային միջոցները»,- նշված է մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ: