Հութիները հայտարարել են Իսրայելում օդանավակայ...

Եմենի հութիները երեք հիպերձայնային հրթիռներով թիրախավորել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանը, Աշկելոնի էլեկտրակայանը և Աշդոդի նավահանգիստը։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Զինված ուժերի պաշտոնական խոսնակ, բրիգադի գեներալ Յահյա Սարիի հայտարարության մեջ նշվել է, որ նաև ութ անօդաչու թռչող սարքերով թիրախավորվել է Էլյաթի նավահանգիստը։

Սարին հայտարարել է, որ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հաջողությամբ հասել են իրենց նպատակակետերին, և որ խափանող համակարգերը չեն կարողացել որսալ դրանք։ 

Նա նաև պարզաբանել է, որ Եմենը լիովին պատրաստ է խափանել թշնամու բոլոր ռազմական ծրագրերը, ինչպես նաև պատրաստ է երկարատև դիմակայության՝ թշնամու ինքնաթիռներին հակազդելու և թշնամու կողմից ծովային շրջափակումը խզելու փորձերը հետ մղելու համար։ 

Սարիի խոսքով՝ Եմենը կշարունակի աջակցել Գազային մինչև ագրեսիայի դադարեցումը և շրջափակման վերացումը։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել է, որ մեկնարկել է «Սև դրոշ» գործողությունը, որի շրջանակներում ռազմաօդային ուժերը հարձակում են գործել Եմենի երեք նավահանգիստների, ինչպես նաև «Galaxy Leader» բեռնատար նավի վրա, որն «Անսար Ալլահ» շարժման հութիները գրավել էին 2023 թվականին։

Հութիները հայտարարել են, որ իսրայելական օդային ուժերն ավելի քան 20 հարված են հասցրել Եմենի Հոդեյդա քաղաքի ուղղությամբ։ Բացի այդ, հարձակման են ենթարկվել Ռաս Իսայի, Հոդեյդայի և աս-Սալիֆի նավահանգիստները, ինչպես նաև Ռաս ալ-Քաթիբի էլեկտրակայանը: