
Օրերս անդրադարձել էինք հայազգի խոշոր գործարար-բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալությանը և այդ փաստի վերաբերյալ գործարար համայնքի լռությանը։ Քննադատության թիրախում էր հատկապես Սամվել Ալեքսանյանը, ումից առավելագույնը կարելի էր ակնկալել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կարապետյանը նրա ընտանիքի քավորն է։ Ուշագրավ է, որ Կարապետյանին սատարելու հուլիսի 4-ի հավաքին մասնակցած միակ հանրահայտ գործարարը Գաբրիել Ջեմբերջյանն էր։
Սամվել Ալեքսանյանի և մի շարք այլ գործարարների պահվածքը մեր կողմից քննության էր արժանացել նաև եթերում։ Մենք արձանագրել էինք, որ Հայաստանում կուտակված խոշոր կապիտալը, որպես կանոն, կենտրոնացած է այն անձանց ձեռքում, ովքեր ոչ միայն հեռու են հասարակական և քաղաքական պատասխանատվությունից, այլև լուրջ խնդիրներ ունեն բարոյական ընկալումների հետ։
Այս քննադատությունից հետո մեզ հետ կապ հաստատեց Սամվել Ալեքսանյանի ծանոթ ներկայացող մի անձ, որը փոխանցեց, թե Ալեքսանյանը խիստ վրդովված է իր մասին քննադատությունից։ Նա նաև ենթադրում էր, թե Ալեքսանյանը կարող է «պատժելու» մտադրություն ունենալ։
Թե իրականում ո՞վ էր կապ հաստատողը և որքանո՞վ էր ճշգրիտ փոխանցածը՝ մնում է ստուգման հարց, սակայն այս պատմությունն առիթ է տալու վերհիշելու Սամվել Ալեքսանյանի մութ անցյալից մի աղմկահարույց դեպք, որի վերաբերյալ իրավապահ համակարգը այդպես էլ համարժեք գնահատական չի տվել։
Խոսքը Ալեքսանյանի աշխատակից Արմեն Իսրայելյանի սպանության մասին է։ Տարիներ առաջ Իսրայելյանը մի լրատվամիջոցի պատմել էր մի շարք ենթադրյալ հանցագործությունների մասին, որոնք, ըստ նրա, կատարել էր Սամվել Ալեքսանյանի հանձնարարությամբ։ Նա պնդում էր, թե եղել է Ալեքսանյանի համար գործող հանցախմբի անդամ։ Այդ հարցազրույցից ամիսներ անց Իսրայելյանը սպանվեց Մոսկվայում՝ վարձու մարդասպանի կրակոցից։ Այդ ժամանակ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, թե հնարավոր է՝ սպանության պատվիրատուն հենց Սամվել Ալեքսանյանն է։ Սակայն այս աղմկոտ սպանությունը այդպես էլ չբացահայտվեց, անգամ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ երկրի վարչապետ և փաստացի ստացավ հնարավորություն վերանայելու մութ գործերը։
Այս համատեքստում հարց է առաջանում՝ հնարավո՞ր է Ալեքսանյանը կրկին փորձի «լռեցնել» իրեն քննադատողներին, այս անգամ՝ բառի բուն իմաստով։ Տեխնիկապես հնարավոր է, սակայն մի բան պարզ է՝ նախկին անպատժելիության շրջանն ավարտվել է։ Փաշինյանի քաղաքական հովանավորչությունն անգամ չի կարող վերածվել մարդասպանություն պատվիրելու լիցենզիայի։
Մնում է հետևել զարգացումներին։ Ժամանակը շատ հաճախ ավելի ճշգրիտ բացահայտում է իրական նպատակը, քան նույնիսկ փաստերը։