
Շատ կարևոր է մեզ համար Եվրոպական խաղաղության գործիքակազմից աջակցություն ստանալը ու այստեղ խոսքը ոչ միայն հարցի ֆինանսական կողմի մասին էր, այլ հարցի քաղաքական կողմի: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի բացմանը իր խոսքում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Գիտեք, թե ինչ դեբատներ են այսօր տեղի ունենում եվրոպական քաղաքական ընտանիքում, թե ինչ և ինչպես պիտի անի Եվրամիությունը անվտանգության քաղաքականության մեջ, եվրոպական անվտանգության ճարտարապետության մեջ և ահա խաղաղության գործիքակազմից Հայաստանին աջակցություն տրամադրելը ցույց տվեց, որ այս հարցում ԵՄ-ում կա կոնսենսուս, որ ՀՀ անվտանգությունը դիտարկվում է որպես եվրոպական ընտանիքի ընդհանրապես անվտանգության մի մաս: Դա իսկապես այդպես է, որովհետև որևէ անկայունություն, որ սկսվել է ԵՄ սահմանների մոտ, նախ սկսվել է մեր տարածաշրջանից։ Մենք դա արդեն տեսել ենք մեկ անգամ և կարծում եմ, որ ԵՄ-ն թույլ չի տա դա կրկնվի ևս մեկ անգամ»,-ասաց նա:
Եղոյանը կարեւորեց նաեւ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանի Հանրապետությունում. «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում: Ես այս որոշման համար էլ պիտի շնորհակալություն հայտնեմ բոլոր անդամ երկրներին և նշեմ, որ այս որոշումը կայացվեց ռեկորդային կարճ ժամանակում: Սովորաբար նման որոշումները կայացվումը տևում է ամիսներ, սակայն այս որոշումը կայացվեց շաբաթների ընթացքում և արդեն երկու անգամ ԵՄ քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգվել է էլի ռեկորդային ռեկորդային ժամանակներում»,- ընդգծեց ԱԺ հանձնաժողովի նախագահը: