
Գործադիր իշխանության ներկայացուցիչները, թե՛ տիկին Արփինե Սարգսյանը և թե՛ տիկին Սրբուհի Գալյանը իմ հարցերի մեծ մասին չեն պատասխանել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ ինքը հարցեր է ուղղել ՀՀ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ:
«Տիկին Գալյանը չպատասխանեց իմ նշած խնդիրներին՝ քաղբանտարկյալների վերաբերյալ, Արմեն Աշոտյանից, Մլյանից, քաղաքապետներից, Նարեկ Սամսոնյանից, Վազգեն Սահաթելյանից, Էդգար Ղազարյանից և մնացածից, իսկ տիկին Սարգսյանի պատասխանը, որ ընթանում է քննություն, քննությունը կարող է ընթանալ տարիներ: Ես չեմ կարծում, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը կարող է տարիներ շարունակ չբացահայտված մնալ: Սրանք խնդիրներ են, որոնք պիտի բարձրաձայնվեն, կապ չունի, թե որ ֆորմատում: Դա ցանկացած ընդդիմադիր պատգամավորի պարտքն է իր ընտրողների և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ ԱՆ նախարար Գալյանն իրենց առաջարկեց միանալ Սահմանադրության բարեփոխումների քննարկումներին, Մամիջանյանն ասաց. «ՀՀԿ-ն կեղծ, հորինված, իսկ որոշ դեպքերում Ադրբեջանի թելադրանքով իրականացվող գործընթացներին չի մասնակցում։
Դուք ռեալ չեք, չէ՞, հարցում, որ հնարավորություն կա այդտեղ խոչընդոտելու իշխանությանը, ինչի՞ն հնարավորություն կար խոչընդոտելու՝ սահմանադրական անկախ ինստիտուտների ՔՊ-ացմա՞նը: Քվեարկեին, չքվեարկեին, մեկ է, մենք ունենք ՔՊ-ին ծառայող սահմանադրական ինստիտուտներ՝ ԿԸՀ-ից մինչև մնացած բոլորը»: