Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը եւ ԱՄՆ ԶՈւ-ն խոշորածավալ Keen Sword զորավարժություններն են սկսել, որոնց աշխարհագրությունը տարածվում է Ճապոնիայի ողջ տարածքում։ Ամեն երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող զորավարժությունները, որոնց շրջանակում իրականացվում են հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության հնարքներ, կտեւեն մինչեւ նոյեմբերի 1-ը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ճապոնիայի ՊՆ-ն, զորավարժությունների ընթացքում կիրականացվեն կողմերի շտաբային համակարգում, համատեղ օդադեսանտային գործողություններ, համալիր հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանություն, ենթակառուցվածքի կարեւոր օբյեկտների եւ հեռավոր ճապոնական կղզիների պաշտպանություն։ Երկու կողմերից կմասնակցեն զորքերի բոլոր երեք տեսակները՝ ցամաքային, ծովային եւ օդային, կմիանա նաեւ Ավստրալիայի ԶՈւ-ն։
Զորավարժություններին կմասնակցեն մոտ 45 հազար զինվորականներ՝ 33 հազար ճապոնական եւ 12 հազար՝ ամերիկյան կողմերից, ինչպես նաեւ 40 ճապոնական նավ եւ 370 ինքնաթիռ։ Որպես դիտորդ հրավիրվել են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Իտալիայի, Կանադայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Ֆիլիպինների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի եւ ՆԱՏՕ ներկայացուցիչները։ Keen Sword զորավարժություններն անցկացվում են 1986-ից, սրանք 17-րդն են։
Զորավարժությունները կանցկացվեն նաեւ ճապոնական հյուսիսային Հոկայդո կղզում, ռուսական սահմանին մոտ։ ՌԴ ԱԳՆ-ն այդ առիթով բողոք է հայտնել Ճապոնիայի դեսպանությանը։ «Ճապոնիայի դեսպանությունը նախազգուշացվել է համարժեք հակամիջոցների մասին»,- նշվել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։ Սմոլենսկի հրապարակում նաեւ նշել են, որ «ճապոնական կողմին ասվել է նման պրակտիկայի անընդունելիության մասին, որի մասշտաբները տարեցտարի ընդլայնվում են, այդ թվում զորավարժություններին ոչ տարածաշրջանային պետությունների՝ ՆԱՏՕ անդամների ներգրավմամբ»։