Ես հարգանքով եմ մոտենում 60 000 մեր այն հայրենակիցներին, որոնք իրենց գնացել և իրենց կամքն ու դիրքորոշումն են հայտնել, բայց քաղաքական ուժերի խնդիրն է բացահայտել սույն օրակարգի ամբողջ սնանկությունը։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին և դր օգտին կազմակերպված ստորագրահավաքին:
«Երբ պարոն Զեյնալյանը գալիս է այստեղ կանգնում և ասում է, որ սա օրենքի ուժ պետք է ունենա և դա մեր անվտանգության ապահովման մասին է, տարրական հարց է առաջանում. Լավ, ինչպե՞ս, պարոն Զայնալյան։ Հո բառեր ասելով չի, հո կենաց խմելով չի, հո անվտանգությունն էլ ուղղակի ինչքան շատ ասենք, այնքան շատ անվտանգություն չենք ունենում։ Ի վերջո դրանք հստակ ծրագրեր են, հողի վրա իրականացվող գործողություններ են: Այդ մի նախադասությամբ մենք ինչպե՞ս ենք անվտանգ դառնում։
ԵՄ-ն ինքնին անվտանգության սպառող է, անվտանգության ստեղծող չէ։ Լավ, բառեր ասելու, ասելուց հետո գոնե մի տրամաբանական ծրագիր կարո՞ղ եք ներկայացնել, ճանապարհային քարտեզ, թե մենք ինչքան կամ ինչպես ենք անվտանգ դառնում։
Հարցնում ենք ԵԱՏՄ-ի մասին, ի վերջո ԵՄ-ը, ԵԱՏՄ-ն անհամատեղելի է, ասում են՝ մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս։ Ընկերներ, բա ի՞նչ եք անում, ԵՄ եք գնում ԵԱՏՄ-ում լինելով: Ասում են՝ անդամակցության մասին մի խոսեք, սա միայն մեկնարկ է»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը:
Նա հայտարարեց, թե որն է այս գործընթացի պատճառը. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գալիք ընտրություններից առաջ ուզում էր ստանալ մի փաստաթուղթ Ադրբեջանից, որի վրա գրած կլինի «խաղաղության պայմանագիր» և որտեղ որևէ դրույթ չէր լինի հողի վրա խաղաղություն ապահովելու, բայց ամեն դեպքում վրան գրած կլիներ «խաղաղության պայմանագիր», կգնար ընտրություններին, ցույց կտար, կասեր խոստացել եմ խաղաղություն, հեսա, խաղաղության պայմանագիրը։
Իրականությունը դասավորվեց այնպես, որ այդ թուղթը նույնիսկ չեն կարողանում ստանալ, այդ դատարկ թուղթը նույնիսկ Ալիևը պատրաստ չէ ստորագրել։ Հետևաբար ի՞նչ պետք է մոգոնել, նման ֆարս է պետք մոգոնել:
Նիկոլ Փաշինյանը իր ինձ իրեն աջակցող արբանյակ ուժերի կողմից ձևավորում է օրակարգ, և այդ օրակարգը հիմա մենք ստիպված ենք քննարկել»:
Աննա Գրիգորյանը նկատեց, որ այսօր մեզ ԵՄ է տանում մի իշխանություն, որը «Թելսել»-ի խնդիր չի կարողանում լուծել. «Այս իշխանության օրոք է, որ Հայաստանը հայտնվել է ԵՄ ավիացիոն սև ցուցակում։ Այս իշխանության օրոք է, որ Հայաստանը ամբողջությամբ կախված է ԵԱՏՄ շուկայից։ Այս իշխանությունն արդեն յոթ տարի է իշխանություն ունի և CEPA-ն ընդամենը 40%-ով է իրականացրել։ Հիմա այս իշխանությունը մեզ ասում է, մենք գնում ենք ԵՄ անդամ դառնանք:
Ասում են՝ այս նախագծով մենք բալանսավորման քաղաքականություն ենք իրականացնում։ Այսինքն, տնտեսությունը ամբողջությամբ ԵԱՏՄ շուկայից կախված է, բայց կարելի է մի նախադասություն բերել օրենքի ուժ տալ, և դա համարվում է բալանսավորման քաղաքականություն, զավեշտ,- ընդգծեց նա:
Խոսելով ժողովրդավարության մասին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այո, տիկնայք և պարոնայք, դուք ԵՄ-ին կարող եք ցույց տալ, թե ինչպիսին է իրական ժողովրդավարությունը, թե ինչպես կարող է բարձրաստիճան պաշտոնյան թքել քաղաքացու վրա և շարունակել պաշտոնավարել։ Թե ինչպես կարող է ԲԴԽ նախագահն SMS-ով հեռացվել և որևէ բան տեղի չի ունենում: Ժողովրդավարությունը հո պոզով պոչով չի՞ լինում:
Քաղբանտարկյալների մասին էլ չեմ խոսում, կոռուպցիոն սկանդալների մասին չեմ խոսում: Դուք պատկերացնու՞մ եք որևէ եվրոպական երկիր, որտեղ 5 միլիարդ մսխվեր ավիակազմակերպություն ստեղծելու վրա, հետո այդ ավիակազմակերպությունը փակվեց ու վերջ, անհետևանք, որևէ մեկը պատասխանատվություն չի կրել դրա համար։ Դուք պատկերացնու՞մ եք եվրոպական մի երկիր, որտեղ բարձրաստիճան պաշտոնյայի հայրը մեր քաղաքացիներին «համբալ» անվաներ, և դա էլ մարսվեր գնար»:
Նա հայտարարեց, որ այս իշխանության օրոք անհնար է, որ հասնենք այն օրվան, որ վիզաների ազատականացում տեղի ունենա. «Բայց այդ ուղղությամբ պետք է շարունակել։ Այո, ԵՄ-ի հետ մենք ունենք այդ օրակարգը։ Հաջորդը, ԵՄ-ի հետ քաղաքացիական պաշտպանության օժանդակության ծրագրեր կարող ենք իրականացնել, բայց դա էլ չեք անում:
Իսկապես սա մեծ փուչիկ է, ֆարս է, բացառապես ներքին օրակարգի սպասարկման թեմա է, ուրիշ ոչինչ։ Բայց կան իրական օրակարգեր, որոնցով մենք առաջ պետք է գնանք և որոնց մասին ես արդեն հիշատակեցի»: