Ռուբիոն լավատեսություն է հայտնել ուկրաինական...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ լավատես է ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ, և որ Վաշինգտոնի վարչակազմը շատ կաշխատի դրա վրա։

«Այսինքն՝ ես լավատես եմ: Մենք աշխատելու ենք շատ քրտնաջան: Վերջիվերջո, մենք ունենք մի քանի ծանր իրավիճակներ։ Հեշտ չի լինի կանգնեցնելը, բայց ես լավատես եմ, որ մենք ավելի շատ ենք աշխատելու, քան որևէ վարչակազմ աշխատել է դրան վերջ տալու համար», – ասել է նա CNN-ին:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջնահերթություն է դարձրել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը, սակայն արդյունքի հասնելը հեշտ չի լինի։

Ռուբիոն նշել է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից ամերիկացի Մարկ Ֆոգելի ազատ արձակումը ուղղակիորեն կապված չէ Ուկրաինայի հարցով պայմանավորվածությունների ձեռքբերման առաջընթացի հետ, սակայն դա անվանել է «համագործակցելու ցանկության լավ ազդանշան»։

«Չեմ ուզում ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ այս գիշեր, կարելի է համարել ինչ-որ առաջին քայլ դեպի այս կարգավորում, բայց կարծում եմ, որ դա լավ նշան է, որ ռուսները ցանկանում են ինչ-որ բան անել այս հարցում, և հուսով եմ, որ մենք կարող ենք դրա վրա հիմնվել ապագայում», – ասել է դիվանագետը։