![Պուտինն Ուկրաինայի վերաբերյալ բանակցություննե...](/imgs/posts/medium/2025/02/688e159.webp)
ԱՄՆ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերով խորհրդական Սթիվ Ուիթքոֆը ազատ արձակված ամերիկացի Մարկ Ֆոգելի հետ միասին հեռացել է Ռուսաստանից։ Այս մասին նշվել է Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունում, որը հրապարակել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթցը։ Նրա խոսքով՝ Ֆոգելն ազատ է արձակվել փոխանակման արդյունքում, սակայն չի նշվել, թե կոնկրետ ում հետ են նրան փոխանակել։ Հայտարարությունում նշվել է, որ ամերիկյան իշխանություններն այս քայլը դիտարկում են որպես Ռուսաստանի կողմից «բարի կամքի» դրսեւորում, ինչպես նաեւ դրական ազդանշան ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ֆոգելի հնարավոր ազատ արձակման մասին քննարկումներն անցկացվել են նախագահական մակարդակով. բանակցություններին մասնակցել են Դոնալդ Թրամփը, ինչպես նաեւ նրա մերձավոր խորհրդականները, այդ թվում՝ Սթիվ Ուիթքոֆը։ Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ «Важные истории»-ն եւ «Агентство»-ն, հղում կատարելով Flightradar-ի տվյալներին, հայտնել էին, որ Ուիթքոֆի հետ կապված մասնավոր ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում: Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, նշել է, որ Կրեմլը «տեղեկություն չունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամոտ գործընկերներից մեկի՝ Սթիվ Ուիթքոֆի Մոսկվա ժամանելու մասին»: Մարկ Ֆոգելը նախկինում աշխատել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատանը, սակայն ձերբակալության պահին ուսուցիչ է եղել Մոսկվայի անգլո-ամերիկյան դպրոցում եւ դիվանագիտական կարգավիճակ չի ունեցել։ 2021թ. օգոստոսին նա ձերբակալվել էր Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում՝ փորձելով Ռուսաստան ներմուծել 11 գրամ մարիխուանա եւ 8 գրամ հաշիշի յուղ։ Ֆոգելի խոսքով՝ նա դրանք օգտագործել է բժշկական նպատակներով՝ ողնաշարի վիրահատությունից հետո, ինչը հաստատվել է նրա բժշկական արձանագրության գրառմամբ։ Ֆոգելը, ինչպես ինքն է պնդել, չգիտեր, որ Ռուսաստանում արգելված է բժշկական մարիխուանան։2022թ. ռուսաստանյան դատարանը Ֆոգելին դատապարտել է 14 տարվա ազատազրկման թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով։ Դատարանում նա լիովին ընդունել է մեղքը։