![Գյումրիի ընտրությունների հիմնական ֆավորիտները](/imgs/posts/medium/2025/02/714e13a.jpeg)
Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները թեժ են լինելու: Դրանք համապետական նշանակություն են ստանալու: «Քաղաքացիական պայմանագիրը» գործնականում վերարտադրվելու և զավթած իշխանությունը պահելու հնարավորություն չունի:
Նիկոլ Փաշինյանը կփորձի տարատեսակ դրածոներով ու «արևմտամետներով» կրկնել Երևանի ավագանու սցենարը, երբ մի կերպ, այդ թվում՝ «անասնագողությամբ», պահեց աթոռը, բայց արդեն այդ խաղը «վառված» է և գյումրեցիները չեն տրվի մանիպուլյացիաների ու ձայն չեն տա ՔՊԿ-ի դրածոներին: Նաև՝ «անասուններին»:
Եթե Ս. Մինասյանը Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար չլիներ ու վարչական ռեսուրս չունենար, ապա չէր հայտնվի ֆավորիտների ցանկում, սակայն նշյալ գործոնները հաշվի առնելով՝ նա անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չի ունենա: Սակայն բացառվում է, որ կարողանա իշխանությունը վերարտադրել:
ՔՊԿ-ն համեմատաբար շատ ավելի լավ վիճակում էր 2021-ի ավագանու ընտրության ժամանակ, սակայն պարտվեց: Հիմա առավելևս հաղթելու որևէ շանս չունի: Այլ հարց է, թե մյուս թեկնածուները ինչպիսի քվեներ կհավաքեն, ինչ համամասնություն կլինի և ինչ միավորումներ կձևավորվեն:
Ինչ վերաբերում է հակաիշխանական դաշտին, ապա այստեղ թեկնածուները շատ են, բայց հիմնական ֆավորիտներ են համարվում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու Գյումրիի զարգացման ծրագրով ներկայացող գործարար Կարեն Սիմոնյանը: Վերջինս դեռ պաշտոնապես չի հայտարարել քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին, սակայն ոչ ֆորմալ առումով նա թեկնածու է և ակնհայտ է, որ որպես հիմնական խաղացող հավակնում է ձայների լուրջ քանակի: Դատելով ամենից՝ Սիմոնյանը հանդես է գալու օրվա իշխանությանն իրական ու ընդդիմադիր այլընտրանքի դիրքերից:
Քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, բայց արդեն բոլորն էլ գործընթացի մեջ են: Ամեն մեկն իր ոճով ու իր պատկերացումներով է մտել արշավի մեջ:
Ընտրությունների վրա որոշիչ ազդեցություն է ունենալու քաղաքական գործոնը: Շատ էական է, թե որ քաղաքական ուժը որ թեկնածուին է պաշտպանելու և ինչ քաղաքական պլատֆորմով է ներկայանալու: Ընտրությունները տեղական են, բայց քաղաքական բաղադրիչը և համապետական նշանակությունը մեծ է, ինչն էլ անկյունաքարային է դարձնում քաղաքական դիրքավորման հարցը: