![Եվրոպայի երկրները փոխում են մոտեցումն Ուկրաին...](/imgs/posts/medium/2025/02/8915261.jpeg)
Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցները փոխում են Կիեւին աջակցելու իրենց մոտեցումը՝ այն համապատասխանեցնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը, որ մտադիր է բանակցել Մոսկվայի հետ։ Այս գնահատականը տրվել է երեքշաբթի Politico թերթում հրապարակված հոդվածում։ «Ուկրաինայի վերաբերյալ ռազմավարությունը դանդաղ փոխվում է Եվրոպայում՝ Միացյալ Նահանգների հայտարարությունների տոնայնության փոփոխությանը համահունչ՝ շարունակական աջակցության խոստումներից մինչեւ Կիեւին բանակցությունների սեղանի շուրջ բերելու փորձեր, ապահովելով նրա համար շահեկան դիրք»,- նշվել է հրապարակման մեջ։ Դրանում փաստվել է, որ եվրոպական երկրների ղեկավարները, կապված Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու մտադրության մասին Թրամփի հայտարարությունների հետ, դրսեւորում են «խաղաղության բանակցություններում առաջատար դեր խաղալու» ցանկություն։Պարբերականի կարծիքով՝ «այս նոր ռազմավարությունն առավել հստակ կդրսեւորվի այս շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովում», որը կանցկացվի փետրվարի 14-16-ին։ Պարբերականի տվյալներով՝ այս անգամ միջոցառումը կանցկացվի այլ կերպ, քան ԱՄՆ նախկին առաջնորդ, դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմի ժամանակ։ Այդ ժամանակ համաժողովում ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պատրաստակամություն էին հայտնել աջակցել Կիեւին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։Պարբերականի աղբյուրի համաձայն՝ համաժողովից առաջ Ուկրաինայի եւ ԱՄՆ ներկայացուցիչները «քննարկել են անվտանգության երկարաժամկետ երաշխիքները»։ «Դա վերաբերում էր զենքին եւ հետախուզական ակտիվներին, ինչպիսին են արբանյակները, որոնք եվրոպացիները չեն կարող տրամադրել»,- նշվել է հրապարակման մեջ: