Առողջապահության նախարարությունը նախաձեռնում է...

ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը կանոնակարգելու է առողջապահության ոլորտի հետբուհական մասնագիտական կրթության և լրացուցիչ մասնագիտացման գործընթացը։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանի բժշկական հետբուհական կրթության համակարգը հիմնականում հիմնված է խորհրդային ժամանակաշրջանում ձևավորված մոտեցումների վրա և չի համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին։

Հայաստանում բժշկական կրթությունը բաղկացած է բուհական և հետբուհական փուլերից։

Բուհական փուլում ուսուցումը տևում է վեց տարի, սակայն դրա ավարտից հետո շրջանավարտներն իրավունք չունեն ինքնուրույն աշխատել որպես բժիշկ։

Հետբուհական փուլը ներառում է կլինիկական օրդինատուրա, որը կախված մասնագիտացումից կարող է տևել մեկից հինգ տարի։

Այնուամենայնիվ, ոլորտը համապարփակ կարգավորող իրավական ակտեր ներկայումս չեն գործում, ինչը խնդիրներ է առաջացնում մասնագետների որակավորման և կրթական չափանիշների միատեսակության տեսանկյունից։

Առաջարկվող որոշման հիմնական դրույթները հետևյալն են․ սահմանել առողջապահության ոլորտի հետբուհական մասնագիտական կրթության և լրացուցիչ մասնագիտացման տեսակները։ Հստակեցնել հետբուհական կրթության իրականացման կարգը, պայմանները և վերջնարդյունքները։
Մշակել որակավորման միասնական չափորոշիչներ, որոնք համապատասխան կլինեն միջազգային չափանիշներին։
Ապահովել բժշկական կրթության գործընթացի համապատասխանեցում Հայաստանում իրականացվող բժշկական միջամտությունների պահանջներին։

Այս բարեփոխումը նաև հնարավորություն կտա բժիշկների գիտելիքների և հմտությունների որակի վերահսկման ավելի խիստ մեխանիզմներ ներդնելու, ինչը ներկայումս բացակայում է։

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի բժշկական կրթական համակարգը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, բժշկական մասնագետների որակավորման մակարդակը կբարձրանա, ինչը կնպաստի առողջապահական համակարգի զարգացմանը, առողջապահության ոլորտում կրթության կազմակերպումը կլինի ավելի արդյունավետ, ինչը կնպաստի ապագա բժիշկների մասնագիտական զարգացմանը։