Հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացումը հիմնավորված եմ համարում, որովհետև ծառայության որակը և մատուցման մակարդակը փոխվում է, ու նոր ծառայությունը բերում է նոր գներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
«Գուցե սոցիալապես անապահով անձանց համար կարող է լինել բեռի ավելացում, բայց ես չտեսա, որ բոյկոտողները հենց այդ մարդիկ են, որովհետև նրանք տեսան, որ իրենց համար այդ համակարգի մեջ արվում են արտոնություններ, որոշակի զեղչեր։ Սոցիալական տարբեր խմբեր ունեն որոշակի արտոնություններ, ընդ որում արտոնություն ունեցող անձանց շրջանակն էլ ընդլայնվեց՝ անկախ Երևանում հաշվառում ունենալու հանգամանքից։
Դժգոհողները մեծահասակներն են, որոնց համար թվայնացման հետ կապված ամեն նորություն դիսկոմֆորտ է, բայց կարծում եմ, որ դա ժամանակի խնդիր է, բոլորս էլ սկզբում տեխնիկայի հետ գործ ունենալուց ունենում ենք որոշակի անհանգստություններ, դժգոհություններ, բայց դա ամենևին կապ չունի բոյկոտի հետ։ Քաղաքական ակցիա անում են քաղաքական ուժերը, նրանց հետևում կանգնած քաղաքական խմբավորումները, բայց ռեալ դժգոհություն մարդկանց մոտ կարող է առաջանալ ընդամենը նրանից, որ ծանոթ չեն կիրառման տեխնիկային»,- ասաց պատգամավորը։