Ուկրաինայում հարյուրից ավելի մշակութային և մեդիա կազմակերպություններ առանց աջակցության են մնացել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի սառեցումից հետո, գրում է իսպանական El Pais-ը, որը զրուցել է Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելության աղբյուրների հետ։
Ըստ թերթի, ուկրաինական փոքր անկախ լրատվամիջոցների մեծ մասը ֆինանսավորում էր ստանում ԱՄՆ ՄԶԳ-ից: Սառեցումն ամենալուրջ ազդեցությունն է ունեցել Bihus.Info և Slidstvo.Info հետաքննական հրապարակումների վրա, գրում է El Pais-ը. երկու լրատվամիջոցներում էլ ԱՄՆ-ից ֆինանսավորումը կազմում էր ավելի քան 80%:
Դժվարությունների մասին հայտնել են նաև ուկրաինական այլ լրատվամիջոցներ։ Օրինակ՝ Hromadske-ն ընթերցողներին հրավիրել է աջակցել հրատարակությանը, քանի որ որոշ ծրագրեր, որոնք խմբագրակազմն իրականացնում էր դրամաշնորհների շնորհիվ, ժամանակավորապես դադարեցվել են։
El Pais-ը գրում է, որ Ուկրաինան եղել է ԱՄՆ-ի մարդասիրական ու տնտեսական օգնության ամենամեծ ստացողներից մեկը։ Գրեթե երեք տարվա պատերազմի ընթացքում երկիրը ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով ստացել է ավելի քան 34 միլիարդ եվրո ոչ ռազմական օգնություն: 2023 թվականին օգնության չափը կազմել է 16,5 միլիարդ եվրո, մինչդեռ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից այլ երկրներին տրամադրվող օգնության միջին չափը կազմում է 545 միլիոն եվրո, նշում է իսպանական պարբերականը։