Էլ Սալվադորը համաձայնել է վճարի դիմաց իր երկր...

Էլ Սալվադորը համաձայնել է ընդունել և իր բանտերում տեղավորել ԱՄՆ-ում կալանավորված անօրինական ներգաղթյալներին՝ անկախ նրանց քաղաքացիությունից։ Բացի այդ, երկրի նախագահ Նայիբ Բուկելեն նաև խոստացել է լրացուցիչ վճարի դիմաց իր երկրում կալանքի տակ պահել ԱՄՆ-ում դատապարտված հանցագործներին:

Անօրինական ներգաղթի դեմ պայքարի մասին պայմանագիրը կնքել են Նայիբ Բուկելեն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 3-ին կայացած հանդիպման ժամանակ։ Պետքարտուղարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում պարզաբանվում է, որ Էլ Սալվադորը որոշել է ընդունել սալվադորական MS-13 հանցախմբի և վենեսուելական Tren de Aragua խմբավորման անդամներին, որոնք անօրինական կերպով գտնվում են ԱՄՆ-ում։

«Մենք նրանց կուղարկենք, իսկ Սալվադորը նրանց կտեղավորի իր բանտերում։ Նա (Նայիբ Բուկելեն) առաջարկել է նույնն անել հանցագործների հետ, որոնք ներկայումս պատիժ են կրում Միացյալ Նահանգներում, նույնիսկ եթե նրանք ԱՄՆ քաղաքացիներ են կամ օրինական ներգաղթյալներ», - ասել է Ռուբիոն (մեջբերում է AP-ն):

Բուկելեն, մեկնաբանելով հանդիպման արդյունքը, ասել է, որ ինքն առաջարկել է Միացյալ Նահանգներին «իր բանտային համակարգի մի մասն աութսորսինգի փոխանցել Սալվադորին»։ Նա պարզաբանել է, որ Էլ Սալվադորը կընդունի միայն «դատապարտված հանցագործներին» և դրա համար գանձելու է վճարներ, որոնք «համեմատաբար ցածր» կլինեն Միացյալ Նահանգների, սակայն էական՝ իր երկրի համար: Միաժամանակ երկրում բանտային համակարգը ավելի կայուն կդառնա։