
Հայաստանի ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը լիահույս է, որ մի քանի տարվա ընթացքում վիզաների ազատականացումն իրողություն կդառնա:
Եղոյանը նման տեսակետ հայտնեց Հայաստանի խորհրդարանում անցկացվող՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ընթացքում:
Արման Եղոյանը նշեց՝ երբ 6 տարի առաջ ստանձնել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահի պաշտոնը՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները և միջխորհրդարանական կապերը լրիվ այլ մակարդակում էին: «Ես այն ժամանակ չէի զգում, որ Եվրոպական խորհրդարանը հետաքրքրված է մեր տարածաշրջանի խնդիրներով ամենայն մանրամասնությամբ»,-ասաց Եղոյանը՝ հավելելով՝ զգացել է, որ ԵԽ-ն ունի այլ առաջնահերթություններ:
Ըստ նրա՝ սակայն դա էականորեն փոխվել է անցյած տարիների ընթացքում: Հատկապես անցած 2-3 տարվա ընթացքում տարածաշրջանային անվտանգության հարցերը կարևոր տեղ են զբաղեցնում ԵԽ-ի օրակարգում և ԵՄ-ի գործադիր մարմինների օրակարգում:
«Այժմ Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկում է գործընկերության նոր օրակարգը, որը մեր հարաբերությունները տանում է մեր առկա իրավապայմանագրային բազայից անդին, այն կողմ»,-ասաց Արման Եղոյանը:
Նա հիշեցրեց, որ երկու շաբաթ առաջ Հայաստանի ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը:
Եղոյանը նշեց նաև նախորդ տարվա ձեռքբերումների մասին, մասնավորապես՝ Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին: «Սա մի որոշում էր, որին մենք շատ-շատ երկար էինք սպասել և երկար տարիներ տքնաջան աշխատել էինք ոչ միայն ԵՄ ինստիտուտների, այլ նաև ԵՄ անդամ երկրների հետ առանձին-առանձին»,-ասաց նա:
Եղոյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ անդամ 27 երկրի՝ վստահեցնելով, որ սրան հետևելու են Հայաստանի կողմից քայլերը՝ տեխնիկական մակարդակում, քաղաքական կամքը կա:
«Եվ ես լիահույս եմ, որ մի քանի տարվա ընթացքում վիզաների ազատականացումն արդեն կդառնա իրողություն: Համենայնդեպս ՀՀ-ն իր կողմից անելու է ամեն հնարավորը՝ դա անելու համար»,-ասաց Եղոյանը:
Պատգամավորը հավելեց՝ Հայաստանի համար շատ կարևոր էր նաև Եվրոպական խաղաղության գործիքակազմից աջակցություն ստանալը: