Վայրէջք Գրենլանդիայում. ԱՄՆ փոխնախագահը կնոջ...

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշայի հետ առանց հրավերի ժամանել է Գրենլանդիա կղզի, որը վերահսկողության տակ առնելու մտադրության մասին պարբերաբար հայտարարում է նախագահ Դոնալդ Թրամփը:

Ինչպես գրում է Bild-ը, Վենսի և նրա կնոջայցը Գրենլանդիա քննադատությունների փոթորիկ է առաջացրել ինչպես բուն կղզում, այնպես էլ Դանիայում, որին այն պատկանում է։

Նրանց ինքնաթիռը վայրէջք է կատարել Գրենլանդիայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Պիտուֆֆիկ» ամերիկյան ռազմաբազայում՝ մայրաքաղաք Նուուկից հեռու, որտեղ այցը որակվել է անցանկալի։ Գրենլանդիայի կառավարությունը նախապես շեշտել է, որ «ոչ ոքի չի հրավիրել՝ ո՛չ մասնավոր, ո՛չ պաշտոնապես»։

«Մենք չենք կարող ընդունել Գրենլանդիայի բռնակցման և վերահսկողության մասին կրկնվող հայտարարությունները», - պատասխանել է կղզու վարչապետ Մութ Էգեդեն:

Վենսն ասել է, որ ժամանել է, որպեսզի ստուգի «բազայի անվտանգությունը» և հիշեցրել, որ «շատ երկրներ սպառնում են Գրենլանդիային, նրա տարածքին և ծովային ուղիներին»:  Սակայն կղզու իշխանությունները համոզված են, որ դա անվտանգության խնդիր չէ։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները «անընդունելի ճնշում» են, և որ «խոսքն ակնհայտորեն Գրենլանդիայի կարիքների և ցանկությունների մասին չէ»: