Իսրայելի պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է Հորդանանի հետ երկրի արևելյան սահմանի ամրապնդման ծրագիր։ Այն նախատեսում է մոտ 500 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշի կառուցում, որի արժեքը գնահատվում է 1,7 միլիարդ դոլար։
Ըստ Walla-ի՝ արգելապատնեշը նպատակ ունի կանխել սահմանի ապօրինի հատումները, զենքի և թմրամիջոցների մաքսանենգությունը, նաև ուժեղացնել վերահսկողությունը սահմանամերձ տարածքում։
Ծրագիրը ներառում է հսկողության ու ներխուժման հայտնաբերման ժամանակակից համակարգերի տեղադրում։
Արգելապատնեշի կառուցմանը զուգահեռ՝ հրեական պետությունը մտադիր է զարգացնել սահմանամերձ տարածքները։ Նախագիծը ներառում է մոտ 40 նոր բնակավայրերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների հիմնում, ենթակառուցվածքների ընդլայնում, նաև երկրի արևելյան հատվածով անցնող 90-րդ մայրուղու արդիականացում։



