ՔՊ-ի պատանդն է դարձել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանը ծագումով Իջեւանից է: Թեեւ Նոյեմբերյան համայնքի բնակիչ չէ, սակայն Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է նոյեմբերի 29-ին կայանալիք Նոյեմբերյանի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական քարոզարշավի մասին նյութեր, այդ կուսակցության Նոյեմբերյան համայնքի ղեկավարի թեկնածու Մխիթար Խաչիկյանի լուսանկարով քարոզչական նկար։

Դա այդքան արտառոց չէր լինի, եթե Միքայել Ադամյանը չլիներ Նոյեմբերյան համայնքի երկարամյա ղեկավար, այժմ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Արսեն Աղաբաբյանի մտերիմ ընկերը: Բայց լավատեղյակ անձինք Ադամյանի այս քայլից չեն զարմացել` ժամանակին նա մասնակցեց ԱԺ ընտրություններից առաջ կայացած ՔՊ նախընտրական քաստինգին, անգամ նախնական ցուցակում փետրվարին տեղ զբաղեցրեց, ապա պարզվեց` իրավունք չունի առաջադրվելու, որովհետեւ նաեւ Ռուսաստանի քաղաքացի է: Այդ ժամանակ արդեն տեղեկություններ կային, որ Միքայել Ադամյանի վերաբերյալ քրեական գործեր կան, որոնց սպառնալիքի տակ էլ հայտնի բժիշկը հայտնվել է ՔՊ-ին սատարողների ու ծառայողների ճամբարում։