Այսօր մենք փոքր խմբով այստեղ ենք, որպեսզի մեր հստակ ուղերձ, պահանջը և կոչը հղենք Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ի դեմս պարոն դեսպանի, որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների ջատագով կառույցի և ի դեմս նրանց, ողջ միջազգային հանրությանը, այն կառույցներին, որոնք տարիներ շարունակ զբաղվել են ու զբաղվում են մարդու իրավունքների խնդիրներով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ անդրադառնալով նախօրեին ՔԿՀ–ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
«Մենք այստեղ ենք բարձրաձայնելու, որ այսօր Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ճգնաժամ է։ Այսօր քրեական հետապնդումները ուղղակի կանգ չեն առնում, իրավիճակը հասել է նրան, որ արձանագրվում է քաղաքական հետապնդումների հետևանքով սարսափելի մահվան դեպք։
Մենք փոխանցելու ենք նաև խմբակցության անունից նամակ և դիմում, որտեղ շեշտվում է օբյեկտիվ և իրավիճակին համարժեք գնահատականը։ Մենք կարծում ենք, որ ԵՄ կառույցները այլևս չեն կարող լռել, որովհետև այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, բռնապետական ռեժիմի դրսևորման ուղղակի ակնառու երևույթ է»,–ասաց նա։
Ղահրամանյանը նշեց, որ քիչ առաջ հրապարակվել է Արսեն Գևորգյանի փաստաբանական խմբի հայտարարությունը, որտեղ հստակ նշված է, որ նա ունեցել է առողջության վատացում և ահազանգից հետո նրան մոտեցել է ոչ թե քրեակատարողական հիմնարկի բժիշկը, այլ բուժակը. «Շտապօգնությունը քրեակատարողական հիմնարկ է մուտք գործել, երբ արձանագրվել է Արսեն Գևորգյանի մահը։ Եթե ամեն բան իրականացվեր պատշաճ կարգով, համապատասխան ծառայությունները գործեին, մենք այսօր չէինք ունենա այս ողբերգական մահը։ Էլ չեմ ասում, որ այսօր Հայաստանում կալանքը ուղղակի դարձել է պատժիչ գործիք այլախոհներին, քաղաքական հակառակորդներին ու քննադատներին հետապնդելու ռեպրեսիվ գործիք։
Արսեն Գևորգյանը պիտի լիներ ազատության մեջ անկախ այս շինծու գործից, որը նրա դեմ հարուցվել էր։ Նա ընտրություններից չորս օր առաջ մեկուսացվեց քաղաքական հրահանգով ընտրապայքարից և բանտային կալանքի 21-րդ օրը նա այլևս ողջ չէ։
Այս խայտառակ միջադեպի ուղիղ պատասխանատուն քաղաքական իշխանությունն է, պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, իրեն սպասարկող կառույցներն են, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է, որը բառացիորեն օրեր առաջ ցինիկորեն էր արձագանքում իմ գործընկերոջ հարցադրմանը, որը վերաբերում էր հենց «Նուբարաշեն» ՔԿՀ–ում պահման պայմաններին։ Նա հեգնում էր ու ասում էր՝ ի՞նչ կարող ենք անել, ոչինչ չենք կարող անել, չենք կարող տանել մեր տուն։ Տիկին նախարար, հիմա գո՞հ եք տեղի ունեցածից։
Ուզում եմ շեշտել նաև Աննա Վարդապետյանի գործոնը։ Սրանք այն մարմիններն են, որոնք հլու հնազանդ կատարում են քաղաքական իշխանության պատվերները, բայց եթե նրանք լինեին անկախ, մենք չէինք ունենա այս իր վիճակը»,–ասաց նա։
Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ դատարանի դահլրճում ուղիղ եթերում մահացել է Արմեն Գրիգորյանը, անազատության մեջ մահացել է Մհեր Եղիազարյանը. «Այս մահերի պատասխանատվությունը ուղիղ անմիջականորեն կրում է պետությունը իր համապատասխան մարմիններով, որոնք քաղաքական պատվեր են կատարում։ Մենք չենք կարող լռել, չենք կարող ուղղակի դիտորդի պես հետևել, որովհետև այսօր Հայաստանի բանտերը լցված են այլախոհներով, քաղաքական այլ կարծիք ունեցողներով։ Նույնիսկ ֆեյսբուքի ստատուս գրելու համար մարդիկ կալանավորվում են և այս դեպքը մեր թիմակցի, մեր գործընկերոջ, այս ողբերգական մահը ահազանգ է։
Այս պահին մենք մտավախություն ունենք բանտերում գտնվող մեր մյուս հայրենակիցների առողջության և անվտանգության համար, և սա, այո, պիտի լինի այն ահազանգը, այն ազդակը, որ պիտի սթափեցնի բոլորիս, այդ թվում միջազգային կառույցներին, որոնք շարունակ խոսում են մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին և տարիներ շարունակ հսկայական միջոցներ են տրամադրում այս ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար»։



