Մենք հավաքվել ենք ԵՄ պատվիրակության գրասենյակի առջև, ոչ թե ընդդեմ դեսպան Մարագոսի կամ պատվիրակության, այլ համարելով, որ պարոն Մարագոսը և պատվիրակությունը շատ լավ աշխատանք կատարում են ժողովրդավարության բարձրացման, մարդու իրավունքների պաշտպանության համար, և մենք ունենք վստահություն և հույս, որ այս հարցը աչքաթող չեն անի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով նախօրեին ՔԿՀ–ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։
«Մեր այս հավաքի նպատակը լրացուցիչ ուշադրություն հրավիրելն է երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքին։ Պարոն Մարագոսը մանրամասն անձնապես տեղեկացված է, թե ինչ է կատարվել, ինչու ենք մենք հավաքվել այստեղ և ի՞նչ ենք ակնկալում իրենց պատվիրակությունից։
Նախքան պատգամավոր դառնալը շուրջ 15 տարի ես եղել են փաստաբանության ոլորտում, չեմ կարող ասել, որ նախկինում խնդիրներ չեն եղել, այո, խնդիրներ մարդու իրավունքների պաշտպանության առումով եղել են միշտ, բայց նման աստիճանի մարդու իրավունքների խախտում, նման մակարդակի ժողովրդավարության նահանջ երբևէ իմ պրակտիկ գործունեության ընթացքում չեմ առնչվել։
Բոլոր ՔԿՀ–ները հեղեղված են քաղաքական բանտարկյալներով։ Ցավոք սրտի եվրոպական ոչ բոլոր կառույցներն են, որ դեռևս ունեն այդ համարձակությունը բարձրաձայնելու, բայց ԵԽԽՎ վերջին զեկույցում արդեն իսկ եվրոպական բարձր հեղինակություն ունեցող կառույցը դրա մասին բարձրաձայնել է, որ կան ընտրովի հետապնդումներ, ընտրովի արդարադատություններ ու դրանով փորձում են ընդդիմադիրների ճնշել»,–ասաց նա։
Հարությունյանի խոսքով, Հայաստանում ժողովրդավարության նահանջ տեղի է ունենում ՀՀ իշխանության վարած սխալ քաղաքական և իրավական հետապնդումների պատճառով. «Դրանից որևէ կերպ եվրոպական կառույցի դերակատարումը չի կարող նվազել։ Եվրոպացիները ևս շատ լավ հասկանում են, տեսնում են, ընկալում են, թե ինչ է կատարվում, ու վստահ եմ, որ առաջիկայում իրենց դիրքորոշմամբ իրենք ևս կգան նրան, որ Հայաստանում ժողովրդավարությունը հսկայական հետ նահանջ է ապրել»։
Հարություն Հարությունյանը նկատեց, որ դատական համակարգը ցանկացած տիպի ենթադրյալ հանցագործության առկայության դեպքում գնում են ամենածանր խափանման միջոցին՝ կալանքին, դա նույնացնելով պատժի հետ. «Կալանքը պատիժ չէ ու նաև բոլոր եվրոպական կառույցները նման ողբերգական դեպքերից հետո պարտավոր են բարձրաձայնել, որ չի կարող Հայաստանի նման տարածքով փոքր պետությունը լինել առաջատար կալանքներ սահմանելու հարցում։
Այս դեպքից հետո միանշանակ պետք է լինեն հրաժարականներ։ Վերջերս մեր գործընկերները քրեակատարողական հիմնարկ են այցելել, բազմիցս բարձրաձայնել են պահման շատ վատ պայմանների, նորմալ բուժկետ չունենալու, ոչ մի պահանջների չբավարարելու մասին, այնինչ որևէ քայլ դրանից հետո չի կատարվել։
Այստեղ հարց է առաջանում, նույն եվրոպական կառույցները արդարադատության ոլորտի բարելավմանը տալիս են հսկայական գումարներ, բա ու՞ր է գնում այդ գումարները, եթե մեզ մոտ 21-րդ դարում շարունակում են քրեակատարողական հիմնարկներում բուժկետներ որպես այդպիսին չլինել, մարդու վատանալու դեպքում փոխանակ հրատապ կարգով բժիշկ մոտենա, բուժակ է մոտենում, ու քանի այս իրավիճակը չի կարգավորվել, նման դեպքերը ցավոք լինելու են շարունակական»,–ասաց նա։
Հարցին՝ կարելի՞ է տեղի ունեցածը որակել որպես ոչ դիտավորությամբ սպանություն՝ հաշվի առնելով, որ մարդուն անտեղի են կալանավորել, նա պատասխանեց. «Մինչև դիահերձման եզրակացությունը չլինի, գնահատական տալը ճիշտ չէ, բայց մեկ բան հստակ է՝ մահը վրա է հասել, քանի որ պատշաճ բուժզննություն, բուժօգնություն չի տրամադրվել մեր ընկերոջը»։
Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ այս գործով կալանքի տակ գտնվողները պետք է ազատ արձակվեն, քանի որ չափազանցված խափանման միջոց է կիրառվել նրանց նկատմամբ. «Ավելին ասեմ, մենք վստահաբար պնդում ենք, որ դա քաղաքական հողի վրա կատարված հետապնդում է, ինչը անթույլատրելի է»։



