Ուկրաինան պատրաստ է առանց նախապայմանների հրադ...

Ուկրաինան պատրաստ է առանց նախապայմանների հրադադարի և Ռուսաստանի հետ բանակցությունների, սակայն չի պատրաստվում խաղաղության դիմաց հրաժարվել իր տարածքային ամբողջականությունից և ինքնիշխանությունից։ Այս մասին ղազախական Ulysmedia-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

Հարցին՝ ինչու են դադարել խաղաղության շուրջ բանակցությունները, դիվանագետը նշել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցել պատերազմը, դրան աջակցում են նաև Կիևի գործընկերները, սակայն Ռուսաստանի կողմից նշաններ չեն տեսնում։

Սիբիհան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է նաև նախագահների մակարդակով հանդիպման, ցանկացած ձևաչափով փոխգործակցության։

Լրագրողը հարց է ուղղել, թե ինչու 2022 թվականին՝ պատերազմի սկզբում, չհաջողվեց ՌԴ-ի հետ պայմանավորվածության հասնել։

«Ես Ուկրաինայի նախագահի հետ էի բունկերում առաջին իսկ րոպեներից. ես այնտեղ ապրել եմ մեկուկես տարի։ Դա գտնվում է 100 մետր գետնի տակ։ Ես հիշում եմ ռուսական բոլոր առաջարկները։ Դրանք բոլորը կապիտուլյացիայի առաջարկներ էին։ Դրանք անընդունելի են։ Նման առաջարկները չեն կարող ընդունելի լինել։ Ուկրաինան երբեք չի համաձայնի որևէ բանաձևի՝ իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հաշվին», - ասել է ԱԳ նախարարը։

Սիբիհայի խոսքով՝ պատերազմի յուրաքանչյուր օրն Ուկրաինայի համար շուրջ 450 մլն դոլար է արժենում։ Նախարարը նշել է նաև, որ պատերազմի ընթացքում զգալիորեն աճել է երկրի պաշտպանական արտադրությունը, հատկապես՝ անօդաչու թռչող սարքերի ոլորտում։ Նա հավելել է, որ Ուկրաինան կարող է արտադրել տարբեր տեսակի մինչև 20 միլիոն ԱԹՍ, և դրանց արտադրությունն աճել է 54 անգամ։

Ուկրաինայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ ցանկացած խաղաղության համաձայնություն պետք է ուղեկցվի անվտանգության իրական և իրավական երաշխիքներով։ Նրա խոսքով՝ միայն քաղաքական հայտարարությունները բավարար չեն, իսկ երկրի գլխավոր պաշտպանությունը պետք է մնա ուժեղ ու մարտունակ բանակը։

Սիբիհան հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ամերիկյան կողմը ներկայում խաղաղության ջանքերում հիմնական միջնորդն են, սակայն կարևոր է նաև եվրոպական դաշնակիցների դերակատարությունը։ Նա հույս է հայտնել, որ միջնորդական ջանքերը կակտիվանան։