Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը

Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով: Դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որ Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու վերաբերյալ: Ռուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան»,- նշել է Սահակյանը:

Սահակյանը շեշտել է՝ դատավճռի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղի են ունեցել բազմակի ու բազմաթիվ աննախադեպ մարդու իրավունքների խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքն էլ լեգիտիմ չէ.

«Այս դատավճիռը էտալոնային է, որտեղ ոչ միայն խախտված են իրավական ու բարոյական նորմերը, մարդկային ողջամտության և բանականության սահմանները, այնտեղ տեղ գտած փաստերը և ապացույցները, այլ նաև դրանց հիմման վրա կատարված եզրահանգումները, որոնք ուղղակի չեն տեղավորվում մարդկային առողջ դատողության, ողջամտության, բանականության տիրույթում:

Ռուբեն Վարդանյանին վերագրվել են շատ լայն, մի քանի տասնյակ արարքներ ու մեղադրանքներ, օրինակ նշվում է, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա և այս հարձակումները հակազդելու նպատակով եղել են զոհեր, հարձակման հետևանքով տուժածներ, և որպես ապացույց դատարանում հանդես է եկել զոհը, որը նշել է, որ այդ հարձակման հետևանքով վնասվածքներ է կրել: Այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին և վերջինս այս պահին քրեական պատասխանատվության է ենթարկվում այդ իրադարձության համար:

Ռուբեն Վարդանյանն իր գործունեության ընթացքում նաև սոցիալական ծրագրերում է ակտիվ ներգրավվածություն ունեցել, և այդ դրվագները ևս որակվել են որպես հանցավոր գործունեություն, օրինակ, վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, և այս հարսանիքի կնքահայր լինելը կրկին որակվել է որպես հանցավոր գործունեություն»,- ասել է նա: