Ռուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպ...

Այո, հանդիպում տեղի է ունեցել, ներկա են եղել ԱԳՆ ներկայացուցիչներ, ոչ քաղաքական մակարդակում, և գերիների անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողովից ներկայացուցիչներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով նրան, որ Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերանիկա Զոնաբենդը, ցանկություն էր հայտնել հանդիպում ունենալ Նիկոլ Փաշինյանի կամ լիազոր այլ մարմնի անդամների հետ՝ Բաքու մեկնելու համար։

«Մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել, սակայն կարևորություն ներկայացնող երկու հարցադրում կա, մեկը Կարմիր խաչի գործունեության դադարի պայմաններում այցելությունների հնարավորությունների ստեղծումը, երրորդ երկրի միջոցով Հայաստանի կողմից հյուպատոսական ծառայություններ մատուցելը Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, և երկրորդը մարդասիրական նախաձեռնությունների իրականացումը։

Այս պահին հանդես ենք եկել կոնկրետ առաջարկով, տիկին Զոնաբենդը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջանի Հանրապետություն, և նաև Ադրբեջանի ՄԻՊ–ի հովանու ներքո կարողանալ մուտք գործել այն փակ հաստատություն, որտեղ պահվում են հայերը, և նրանց փոխանցել անձնական իրեր, լուսանկարներ, նամակներ։

Մենք խնդրել ենք, որպեսզի ՀՀ–ն հստակ դիրքորոշում արտահայտի, թե նման նախաձեռնությունը կարող է արժանանալ նաև պետական աջակցության, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարող է համաձայնեցնել այցելությունը, քանի որ սա չի կարող մնալ մասնավոր նախաձեռնություն։ Մուտքի արտոնագիրը Ադրբեջանը կարող է տրամադրել առանձնահատուկ մեխանիզմով, մյուս կողմից անվտանգային հարցեր կան, և երրորդը նույնիսկ, եթե նրանք հայտնվեն Ադրբեջանում, փակ հաստատությունների մուտքը խիստ կանոնակարգված է և առանց Ադրբեջանի իշխանությունների նախնական համաձայնության, ֆիզիկապես հնարավոր չի լինի մուտք գործել այն քրեակատարողական հիմնարկը, որտեղ այս պահին պահվում են բոլոր հայերը։

Մենք պաշտոնապես դեռ պատասխան չունենք, հարցը գտնվում է քննարկման փուլում, ակնկալում ենք, որ հնարավորինս ժամկետներում Հայաստանի Հանրապետությունը դիրքորոշում կձևավորի»,– ընդգծեց նա։