Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար հանածոների համաձայն...

Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախարարությունները խորհրդակցություններ են անցկացնում օգտակար հանածոների  համաձայնագրի նոր նախագծի շուրջ։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Խորհրդակցությունները դեռ շարունակվում են տարբեր նախարարությունների մակարդակով», - ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված համաձայնագրի նոր նախագիծը։ 

Ավելի վաղ համաձայնագրի վրա աշխատանքը հաստատել էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իսկապես Ուկրաինային է փոխանցել օգտակար հանածոների շուրջ համաձայնագրի նոր նախագիծը, որտեղ մանրամասնորեն նշված են երկրի վերականգնման հիմնադրամի ստեղծման պայմանները։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը մարտի 26-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան կարող են արդեն հաջորդ շաբաթ ստորագրել տնտեսական համագործակցության, այդ թվում՝ օգտակար հանածոների շուրջ համաձայնագիրը: