Թուրքական ընդդիմության առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է, որ հեռանում է երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունից և նոր քաղաքական ուժ կստեղծի: Այդ որոշումն ընդունվել է նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ գրեթե երկու տարի շարունակվող դատական հետապնդումների ֆոնին, հաղորդում է Reuters-ը:
Այդ քայլը, որը լիովին սպասելի էր, նոր լուրջ խնդիրներ է ստեղծում «Հանրապետական ժողովրդական» կուսակցության (CHP) համար, որը ավելի քան մեկ դար առաջ հիմնադրել է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր հայր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:
Սպասվում է, որ CHP-ի ընտրողների և խորհրդարանի պատգամավորների մեծ մասը կհետևի Օզելին՝ դեպի դեռևս չանվանված նոր կուսակցություն: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ մայիսին դատարանը նրան զրկեց կուսակցության նախագահի պաշտոնից՝ չեղարկելով CHP-ի 2023 թվականի համագումարի արդյունքները:
Խորհրդարանում հանդես գալով բոցաշունչ ելույթով՝ Օզելն ընդգծել է, որ իր թիմի հեռանալը CHP-ից չի նշանակում զիջում քաղաքական ճնշումներին: Ընդհակառակը, խոսքը վերաբերում է Էրդողանի դեմ ընդդիմադիր պայքարի նոր փուլի մեկնարկին, որն անփոփոխ ղեկավարում է Թուրքիան արդեն ավելի քան քսան տարի:
«Այսօր մենք կանգնած ենք տխուր հրաժեշտի շեմին, որն անխուսափելի էր դարձել և որի ժամանակը հասել էր: Այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք ժողովրդի հետ կիսվել նոր մեկնարկի մեր հույսով»,- դիմելով CHP-ի ավելի քան 80 օրենսդիրներին, հայտարարել է Օզելը:
Դատարանի մայիսյան որոշումը, հղում անելով CHP-ի համագումարի անցկացման ընթացքում տեղ գտած խախտումներին, պաշտոնում վերականգնեց Քեմալ Քըլըչդարօղլուին՝ կուսակցության նախկին առաջնորդին, որը 2023 թվականի նախագահական ընտրություններում զիջել էր Էրդողանին:
Օզելը և գործող իշխանության քննադատները դատարանի վճիռն անվանել են քաղաքականապես մոտիվացված «հեղաշրջում»: Դա տեղի ունեցավ CHP-ի նկատմամբ աննախադեպ դատական ճնշման ֆոնին, որի ընթացքում անցյալ տարի ձերբակալվեց Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցը:
Կառավարությունը հերքում է նման մեղադրանքները՝ հայտարարելով դատական համակարգի անկախության մասին: Ընդսմին, հետապնդումների ալիքն արդեն ցնցել է ֆինանսական շուկաները և ուժեղացրել մտահոգությունները Թուրքիայում ժողովրդավարության և օրենքի գերակայության վիճակի վերաբերյալ:
Ընդդիմության շարքերում տիրող ճգնաժամը կարող է ամրապնդել Էրդողանի դիրքերը և բարձրացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրի ղեկին նրա լիազորությունների երկարաձգման շանսերը: Հաջորդ ընտրությունները նախատեսված են 2028 թվականին, սակայն վերլուծաբանները նշում են, որ դրանք կարող են տեղի ունենալ նաև ավելի վաղ, եթե կառավարությունը որոշի օգտվել CHP-ի պառակտումից:



