Ռուսաստանի իշխանությունների՝ ավելի քան վեց ամիս տեւած փորձերը՝ Թուրքիայի հետ բանկային վճարումների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու, վերջնական փակուղի են մտել։
Թուրքական գրեթե բոլոր բանկերը որոշել են հրաժարվել Ռուսաստանի և Բելառուսի հետ կապված գործարքների սպասարկումից, գրում է ТАСС-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։ Նրա խոսքով, օտարերկրյա մասնակցությամբ թուրքական բոլոր վարկային հաստատություններն արդեն դադարեցրել են վճարումները ռուսական ընկերությունների համար, և այժմ պետական և մասնավոր բանկերը, որոնք օտարերկրյա գործընկերներ չունեն, մտադիր են միանալ դրանց։
Բանկերը փորձում են «պաշտպանվել ապագայում հնարավոր խնդիրներից՝ հնարավոր սահմանափակումների և պատժամիջոցների տեսքով», պարզաբանել է ТАСС-ի աղբյուրը։ Ռուս-թուրքական առևտուրը շարունակելու համար, ըստ նրա, երկրում դե ֆակտո մնացած միակ բանկը Emlak Katılım-ն է։ Այն շարունակում է վճարումները լիրայով և ռուբլով, մինչդեռ դոլարով և եվրոյով գործարքներն անմիջապես արգելափակվում են թուրքական շատ բանկերի կողմից։
Թուրքիայի հետ կարգավորումների խնդիրը հայտնի դարձավ հունվարին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ պատժամիջոցների ռեժիմի խստացման մասին հրամանագրի ստորագրումից անմիջապես հետո՝ սպառնալով աշխարհի բանկերին անջատել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ գործարքների համաշխարհային դոլարային համակարգից։ Ապրիլին ամերիկացի պաշտոնյաներն ուժեղացրին ճնշումը և սկսեցին Ռուսաստանի հետ աշխատող վարկային հաստատությունների թոփ-մենեջերներին անձնական պատժամիջոցներով սպառնալ։
Թեև ռուս դիվանագետները Թուրքիայի հետ բանակցություններ սկսեցին դեռ փետրվարին՝ խոստանալով «կատարել աշխատանքը» և «պաշտպանել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին», դրանք արդյունք չտվեցին։ «Թուրքական բանկերում հաճախակի են դարձել Ռուսաստան ապրանքների տարանցմամբ զբաղվող ընկերությունների «դուրս հանելու» դեպքերը։ Նման հաճախորդները ակտիվորեն հայտնաբերվում են, և նրանց փոխանցումները արգելափակվում են կամ նրանց հաշիվներն ընդհանրապես փակվում են»,- սեպտեմբերին բողոքել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Էրխովը:
Օգոստոսի վերջին թուրքական Ziraat բանկը, որը պատկանում է պետությանը և ակտիվների քանակով զբաղեցնում է առաջին տեղը երկրում, դադարեցրել է ռուբլով հաշիվների բացումը։ РИА Новости-ի աղբյուրները հայտնել են, որ նմանատիպ քաղաքականություն են վարում նաև Թուրքիայի այլ պետական բանկերը, մինչդեռ որոշ մասնավոր վարկային կազմակերպություններ դեռ շարունակում են գործել ռուբլով։
Վճարումների հետ կապված խնդիրների և ապրանքաշրջանառության անկման ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկեց իր այցը Թուրքիա, որը պետք է կայանար փետրվարի կեսերին և կարող էր լինել նրա առաջին այցը ՆԱՏՕ-ի երկիր պատերազմի սկզբից ի վեր։