ՔՊ-ն, աշխատանքի փոխարեն, հարկատուների հաշվին...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին սոցիալական ցանցերում նոր «թրենդ» է առաջացել. իշխանական պատգամավորները հերթով ցուցադրում են իրենց «աշխատանքային» գործուղումները՝ մի քիչ Ժնեւում, մի քիչ Փարիզում, մի քիչ էլ սպասվող հանգստի հաջորդ վայրերում։ Իսկ նրանց վայելքների գլխավոր հովանավորը ՀՀ հպարտ հարկատուն է:

Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը այս օրերին գտնվում է Շվեյցարիայում։ Նա այդ մասին չմոռացավ տեղեկացնել հանրությանը լուսանկարի ուղեկցությամբ։ Պատասխան արձագանքն էլ չուշացավ. առողջապահության նախկին նախարար, ներկայումս սոցիալական հարցերի պատասխանատու Արսեն Թորոսյանը մեկնաբանեց՝ «Վայելեք իմ փոխարեն»։ Իսկ տիկին պատգամավորը, ակնհայտ լավ տրամադրությամբ, պատասխանեց. «Հաջորդ անգամ միասին կվայելենք»։ Այսինքն՝ հաջորդ գործուղման ծրագիրը, կարելի է ասել, արդեն հաստատված է։

Թեմային շտապեց միանալ նաեւ ՔՊ-ական մյուս «տուրիստը»՝ գործուղումների ամենաշատ մեկնողներից Սարգիս Խանդանյանը, ով հումորով գրեց, որ այս անգամ չի հասցրել Շվեյցարիա գնալ, բայց «մյուս անգամ անպայման կմիանա»։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնական հաշվարկներով՝ պատգամավորի մեկ գործուղման վրա պետական բյուջեից ծախսվում է առնվազն կես միլիոն դրամ, իսկ որոշ դեպքերում՝ մի քանի անգամ ավելի։ Եվ երբ այդ գործուղումները վերածվում են լուսանկարների հավաքածուի ու վայելքների, հասարակությունը, բնականաբար, սկսում է հարցնել՝ արդյոք սա՞ է այն աշխատանքի արդյունքը, որի համար ժողովուրդն է վճարում պատգամավորին։

ՔՊ-ում, թերեւս, դեռ չեն որոշել՝ ինչպես են համատեղելու պետական գործուղումները եւ հանգիստը, բայց մի բան հստակ է. «վայելել» բառը նրանց բառապաշարում վաղուց փոխարինվել է «աշխատել» բառով, որպեսզի լուրջ ստացվի։ Իրականում նրանք պետության միջոցներով վայելում են կյանքը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: