Ազգային ժողովի նիստում շարունակվել է Ռուբինյա...

Ազգային ժողովի նիստում շարունակվել է փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի միջև բանավեճը՝ 1988 թվականի իրադարձությունների և հայ ավանդական կուսակցությունների հայտարարությունների շուրջ։

Գեղամ Մանուկյանը նախկինում հայտարարել էր, որ եթե Ռուբինյանը կարողանա ապացուցել, թե ՀՅԴ-ն և մյուս ավանդական կուսակցությունները հանդես են եկել Հայաստանի անկախության դեմ, ապա ինքը պատրաստ է փոխել իր անունը։

Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց այդ հայտարարությանը․ «Պարոն Մանուկյան, Աստված վկա, ես չէի ուզում, որովհետև համարում եմ, որ Գեղամ անունը շատ գեղեցիկ է և ձեզ շատ է սազում։ Բայց տեսեք, աղբյուր․ ես հենց հիմա կարդում եմ Aniart.am-ից՝ Անի հետազոտական կենտրոնի կայքից, որը վարում է հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանը։ Վստահ եմ, որ ինքն էլ իր աղբյուրները նշել է։»

Ռուբինյանը մեջբերեց 1988 թվականի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի խոսքը․ «ՀՅԴ-ն անկախությունը համարում է իր գլխավոր նպատակը, սակայն կարծում ենք, որ անմիջապես անկախություն պահանջելու հարմար ժամանակը չէ, երբ մեր ժողովուրդը ռուս ժողովրդի օգնության այդքան կարիք ունի։ Սա հասկանալու համար պետք է գնալ Ախուրյանի ափը և տեսնել դիմացը կանգնած թուրք զինվորներին ու Անիի ավերակները»։

Ռուբինյանի խոսքով՝ նույն տարվա սեպտեմբերի 29-ին ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Հայաստանի և Արցախի ժողովրդին խուսափել ծայրահեղական քայլերից, որոնք կարող էին խաթարել երկրի բնականոն ընթացքը և վնասել ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունները։

«Այ հենց սա է եղել ձեր կողմից՝ կողմ լինելով՝ դեմ լինելը, երբ ասում էիք՝ կողմ եք անկախությանը, բայց միաժամանակ կոչ էիք անում ժողովրդին չպայքարել խաղաղության համար», -հավելեց-Ռուբինյանը։

Եզրափակելով խոսքը՝ Ռուբինյանը նշեց․ «Պարոն Մանուկյան, ես չեմ պնդում, որ դուք փոխեք ձեր անունը։ Ես պարզապես ուզում եմ փաստերով ցույց տալ, թե ինչ է գրված եղել։ Իսկ ձեր անունը, անկեղծ ասած, շատ գեղեցիկ է և իսկապես ձեզ է սազում»։