Հաստատվել են դատական կարգադրիչների վարքագծի և...

Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանի հրամաններով հաստատվել են «Դատական կարգադրիչների վարքագծի կանոնագիրքը սահմանելու մասին» և «Դատական կարգադրիչի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանելու մասին» կարգերը։

Դատական դեպարտամենտից հայտնում են, որ դատական կարգադրիչների վարքագծի կանոնագիրքը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների հիման վրա։ Այն կանոնների ամբողջություն է, որի նպատակն է ստեղծել դատական կարգադրիչի վարքագծի միասնական չափանիշներ, օժանդակել բարեվարքությանը՝ ամրապնդելով կոռուպցիայի նկատմամբ զգոնությունն ու անհանդուրժողականությունը, բարձրացնել հանրության վստահությունը դատական կարգադրիչի մասնագիտական գործունեության նկատմամբ։ Դատական կարգադրիչները կանոնագրքին պարտավոր են հետևել ոչ միայն ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում, այլ նաև՝ աշխատանքից դուրս։

Դատական կարգադրիչի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանում է դատական կարգադրիչների նկատմամբ կարգապահական վարույթների ողջ ընթացքը՝ քննության հիմքերի պարզաբանումից մինչև որոշման կայացում։ Դատական դեպարտամենտի կողմից մշակված նոր կարգերի ներդրումը կարևոր քայլ է դատական իշխանությունում բարեվարքության, պատասխանատվության և վստահության մշակույթի ամրապնդման, ինչպես նաև դատական ծառայողների պրոֆեսիոնալ և բարոյական վարքագծի բարձր չափանիշների ձևավորման համար։