«Հայաստան» խմբակցությունը Հարավային Կովկասում...

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հարավային Կովկասում բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակում է պահանջում: 

Այս մասին խորհրդարանի նիստի ընթացքում նշեց խմբակցության անդամը՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի ներմուծմանը Հայաստան: 

«Մեր պահանջը տարածաշրջանի բոլոր ճանապարհների ապաշրջափակումն է։ Դա ներառում է Հայաստան-Հայաստան ճանապարհի ապաշրջափակումը  Նախիջևանի միջոցով, որն անհնար է, քանի դեռ Սադարակ-Երասխ երկաթուղին կամ անցումը կառուցված չէ, դա ներառում է նաև Իջևան-Ղազախ ճանապարհի ապաշրջափակումը: Երբեք մենք չենք խոսել ապաշրջափակման դեմ»,-ասաց Խաչատրյանը:  

Խոսելով ղազախական ցորենի ներմուծման մասին՝ Խաչատրյանը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո Հայաստանը կորցրել է ցորենի պաշարների 20 տոկոսը, իսկ Հայաստանի տարածքում վարելահողերի 40 տոկոսը չեն մշակվում՝ իշխանություններին կոչ անելով մտածել չմշակվող հողերը մշակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ 

Պատգամավորը համաձայն չէ հնչող գնահատականների հետ, թե Ադրբեջանի կողմից դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացումը նշանակում է տարածաշրջանի ապաշրջափակում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող որևէ կածան ապաշրջափակելու ուղղությամբ։  

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ իշխանությունը ևս կողմ է բոլոր ճանապարհների միաժամանակյա ապաշրջափակմանը, սակայն դեմ չէ որևէ ճանապարհի ավելի վաղ բացվելուն, եթե դա բխում է Հայաստանի շահերից: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,-Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։ 

Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ շուտով Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի ցորենի առաջին խմբաքանակը։