
Ազգային ժողովի նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը արձագանքել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը՝ մեղադրելով նրան պատմության կեղծման մեջ։
«Ռուբեն Ռուբինյանը քիչ առաջ կեղծեց հայ ժողովրդի վերջին 35-40 տարվա պատմությունը՝ հայտարարելով, թե Հրայր Մարուխյանը՝ որպես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, երեք կուսակցությունների հետ միասին հանդես է եկել Հայաստանի անկախության դեմ հայտարարությամբ։ Եթե Ռուբեն Ռուբինյանը ցույց տա այդ համատեղ հայտարարությունը, ես այս ամբիոնից պատրաստ եմ փոխել իմ անունը», -ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ 1988 թվականի հոկտեմբերին հայ ավանդական երեք կուսակցությունները՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, Ռամկավար ազատական կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որի առաջին կետը կոչ էր անում խորհրդային Հայաստանի իշխանություններին պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և այդ հարցը դարձնել առաջնային։
«Հայտարարությունը նաև հորդորում էր Հայաստանի և Արցախի մեր հայրենակիցներին չդիմել ծայրահեղական քայլերի, չխախտել երկրի բնականոն կյանքը։ Այդ շրջանում դեռ խոսք չէր գնում Հայաստանի անկախության մասին։ Անկախական շարժումը ձևավորվեց ավելի ուշ։ 1988 թվականի մայիսի 28-ին, օրինակ, Ազատության հրապարակում դեռևս անկախության շարժում չկար, և հրապարակում եղած ուժերը հիմնականում զբաղված էին Արցախի հարցով», - նշել է պատգամավորը։
Մանուկյանի խոսքով՝ իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են շահարկել պատմական փաստերը և մոլորեցնել հասարակությանը՝ ներկայացնելով, թե հայ ավանդական կուսակցությունները ժամանակին դեմ են եղել Հայաստանի անկախությանը։ «Պետք չէ խեղաթյուրել պատմությունը և մոռացնել իրականությունը։ Հայ ավանդական կուսակցությունները երբեք չեն եղել Հայաստանի անկախության դեմ։ Նրանց նպատակն էր պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և խուսափել ներքին բախումներից»,- ասել է Գեղամ Մանուկյանը։