«Տպավորություն է, որ մենք շուկայից դուրս ենք...

Արտահանող բեռնատարների վարորդները Երևանում բողոքի ակցիա են իրականացնում. Նրանք իրենց պահանջներն են ներկայացնում, որոնք վերաբերում են ոլորտի խնդիրներին։

«Ակցիայի նպատակն է որպեսզի բեռնափոխադրման ոլորտի խնդիրները բացահայտնեք և իշխանությունները տեղեկանան այդ մասին»,-ասաց ակցիայի մասնակից Ալեքսան Հովակիմյանը:

«Բեռնափոխադրման մեջ գոյություն ունի արտահանման արժեք և ներմուծման արժեք: Երկիր կա, որտեղ արտահանումն է թանկ, ներմուծումն՝ Էժան և հակառակը: Մեր պարագայում արտահանումը շատ էժան է, կոպեկներ են, ներմուծումն է արժեքը փակում: Իսկ Վրաստանում արտահանումն է թանկ, ներմուծումն է էժան»,- ասաց նա:

Հովակիմյանը հավելեց, որ այդ ընթացքում նրանց մոտ ցանկալի չէր ներմուծումը, շատ էժան է, դրա համար իրենք արտահանումն իրականացնում են, բայց ներմուծումը Վրաստան չեն իրականացնում. «Մեր ներմուծումն են վերցնում, դա իրենց շատ ձեռնտու է: Հետո գալիս են Հայաստան, այստեղ դատարկվելուց հետո, այստեղից էլ դատարկ չեն գնում: Մենք չենք կարողանում դուրս գալ, որովհետև իրենք են մեր բեռը բերում: Ինչից այդպես եղավ. Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում բացեցին թուրքական խանութներ, վրացական մեքենաներ գնեցին, թուրք վարորդներին նստացրեցին ու վերջիններս մտան մեր շուկա որպես երրորդ երկրի բեռնափոխադրող»,- ընդգծեց ակցիայի մասնակիցը:

Նա հավելեց, որ դրան գումարվում է նաև թուրքական բեռնափոխադրողների կողմից իրականացվող երկրորդ երկրների բեռնափոխադրումը՝ Թուրքիայից Հայաստան ուղղությամբ. «Մենք չենք կարողանում մտնել իրենց երկիր, բացի այդ, թուրքական մեքենաները գնում են թուրքական տարբեր մարզեր, նրանք էլ են կատարում երրորդ երկրի բեռնափոխադրում, ու դա անում են շատ մատչելի գներով։ Իրենց ձեռք է տալիս, գալիս են, Հայաստանում դատարկում են, Գյումրիով, Ախալքալաքով դուրս են գալիս Թուրքիա։ Նրանց միացել են ղրղզները․ գալիս են Ռուսաստան, բեռը դատարկում են, էնտեղից բեռը վերցնում են դեպի Հայաստան, Հայաստանում բեռնաթափում են և նույն ճանապարհով` դեպի Թուրքիա։ Նրանց միացել են բելառուսները»,- ընդգծեց Հովակիմյանը՝ հավելելով, որ այս ամբողջ սխեմայի արդյունքում հայ բեռնափոխադրողները շուկայից դուրս են մղվել։

Հովակիմյանի խոսքով, դիմել են համապատասխան գերատեսչություն, որտեղից պարզաբանել են, որ ապահովում են մեքենաների շարժը, ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումներն անհասկանալի են. հիմնավորել են, որ սա ազատ շուկա է: «Բայց տպավորություն է ստեղծվում, որ մենք արդեն դուրս ենք գալիս այդ շուկայից»,-ասել է Հովակիմյանը:

Նրանք առաջարկում են կառավարությանը որոշակի առաջնահերթություններ սահմանել հայ բեռնափոխադրողի համար, ինչպես, օրինակ, այլ երկրներում է արվում։ Բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները պահանջում են կանոնակարգել ոլորտը։